Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում. Արա Ղազարյան

«Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքով երաշխավորված է, մանավանդ, երբ անձինք դուրս են եկել զինված հակամարտության ընթացքում։ Այսինքն՝ գործում է և՛ միջազգային մարդու իրավունքների պաշտպանության օրենքը, և՛ հումանիտար իրավունքը»,- այսօր ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական և սոցիալական մի շարք այլ կարգավորումների իրավական հիմքերը, խնդիրները և լուծումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

Նա վստահեցրեց, որ արցախցիները վաղ թե ուշ ստանալու են Ադրբեջանից փոխհատուցում։ «Փոխհատուցում իրենց գույքի դիմաց, թեկուզ տասը տարի անց, բայց ես վստահ եմ, որ ստանալու են»,- ասաց նա։

Արդեն 16 տարի Ադրբեջանի դեմ վարվող վարույթներում իրավաբանական ծառայություն մատուցող Ղազարյանը նկատեց, որ արցախցիների գույքային պահանջների ձևակերպման շրջանակում բախվում են բազմաթիվ խնդիրների։ Մասնավորապես, շատ արցախցիներ չունեն Արցախում իրենց անշարժ գույքի փաստաթղթերը։

«ՀՀ-ն անելիք ունի այստեղ։ Կարող է Ադրբեջանից պահանջել, որովհետև կա միջազգային տրիբունալի որոշում, որ Ադրբեջանը պարտավոր է պահպանել հայերի թողած գույքը»,- ասաց Ղազարյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment