Դերենիկ Մալխասյան. «Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի քրեական գործով դատավորը պետք է ասեր՝ տարեք այս անհեթեթությունը, որովհետեւ սա արդարադատության համար խայտառակություն է»

«Արեգնազ Մանուկյանի դեպքում շատերի մոտ կարող է թվալ, թե մեղմացում է տեղի ունեցել, որ կալանքը փոխարինել են տնային կալանքով։ Բայց խնդիրն այն է, որ Արեգնազ Մանուկյանը բացարձակ անմեղ է։ Նա չպետք է երկու ամիս անցկացներ ՔԿՀ-ում, մի հատ դա փոխվեր տնային կալանքով ու մի հատ էլ մենք ուրախանայինք։ Նրա գործը կարված է Անդրանիկ Թեւանյանի գործի շրջանակներում եւ այնտեղ բացարձակ ենթադրություններ են։

Անդրանիկ Թեւանյանի քրեական գործը եւս շինծու է, նույն ենթադրությունների վրա կառուցված։ Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի քրեական գործն ընդհանրապես չպետք է լիներ դատարանում։ Դատավորը պետք է ասեր՝ տարեք այս անհեթեթությունը, որովհետեւ սա արդարադատության համար խայտառակություն է, դասագրքային խայտառակություն»,-ասաց Մայր Հայաստան կուսակցության ղեկավար մարմնի անդամ Դերենիկ Մալխասյանն այսօր Հայելի ակումբում։

«Անդրանիկ Թեւանյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մանիպուլյացիան իշխանության կողմից է տարածվել, որովհետեւ Անդրանիկ Թեւանյանի կալանքի տեսակի ժամկետ ընդհանրապես չի քննարկվել։ Այն քննարկվել է սեպտեմբերի 8-ին եւ շինծու քրեական գործի շրջանակներում երկարաձգվել է։ Նույն կերպ Անդրանիկ Թեւանյանը պետք է ազատության մեջ լիներ, այս գործն ընդհանրապես պետք է կարճվեր։ Սակայն, ուշադիր եղեք, դատարանը սեպտեմբերի 8-ին է որոշումը կայացրել քննիչների, դատախազների միջնորդության հիման վրա, բայց լուրը ինտենսիվորեն տարբեր լրատվամիջոցներով տարածվել է սեպտեմբերի 23-ին։ Եվ երեկ լրատվամիջոցները դա ինտենսիվորեն տարածում էին, երբ դատարանի մոտ ոչ փաստաբանները, ոչ քաղաքական թիմի անդամները ոչ որեւէ մեկը չի խոսել Անդրանիկ Թեւանյանի կալանքի ձեւի, առավել եւս, այն երկարաձգելու մասին։ Հետո պարզվեց, որ դա իշխանության կողմից ներդրված մանիպուլյատիվ օպերացիա է Անդրանիկ Թեւանյանին վարկաբեկելու համար»,- ասաց Դերենիկ Մալխասյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment