Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը հաստատել է, որ պրոմոուշենի հետ տիտղոսային մենամարտ անցկացնելու վերջնական պայմանավորվածություն ունի։

Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է հայտնի մարզական լրագրող Արիել Հելվանին՝ մեջբերելով հայ մարտիկի խոսքերը։

«Դեռ մենամարտից առաջ ինձ ասել էին, որ հաղթելու դեպքում հաջորդը ես եմ պայքարելու տիտղոսի համար։ Ես հաղթեցի, և ինձ կրկնեցին նույնը։ UFC-ում շատ գոհ էին իմ ելույթից և խոստացան զբաղվել տիտղոսային մենամարտի կազմակերպմամբ։ Այս անգամ ես «խելոք տղա» էի և ոչ մի տարօրինակ բան չարեցի»,- նշել է Ծառուկյանը։


Հիշեցնենք, որ UFC 331 մրցաշարում Ծառուկյանը փայլուն ելույթ ունեցավ՝ ժամկետից շուտ ավարտելով մենամարտը։ Առաջին ռաունդի ավարտից ընդամենը 3 վայրկյան առաջ նա տպավորիչ նոկաուտի ենթարկեց բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։ Այժմ հայ մարտիկի ակտիվում կա պրոֆեսիոնալ մակարդակում տարած 24 հաղթանակ (որից 10-ը՝ նոկաուտով) և ընդամենը 3 պարտություն։

Նախքան այս տպավորիչ հաղթանակը, Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն էր դուրս եկել նախորդ տարվա նոյեմբերին՝ Կատարում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում պարտության մատնելով Դեն Հուկերին։

Ի սկզբանե նախատեսված էր, որ 2025 թվականի հունվարին կայանալիք UFC 311 մրցաշարում Արման Ծառուկյանը պետք է մրցեր Իսլամ Մախաչևի հետ, սակայն սպասված մենամարտից ընդամենը երկու օր առաջ նա մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր եղել հրաժարվել հանդիպումից։ Ավելի վաղ մարտիկը երկու ամսով որակազրկվել և հեռացվել էր մենամարտերից։

Աղբյուրը՝ Armsport.am:

Leave a comment