«Պարոն Հակոբյան, ասում եք՝ Դաշնակցությունը պետք է ադապտացվի այսօրվա իրողություններին, էդ ո՞նց, ոնց որ դո՞ւք եք հայտնվել ՔՊ-ի գրկում։ Այն ուժի, որի իշխանության օրոք հայրենիք ենք կորցրել, մշակութային ժառանգություն ենք կորցրել՝ 1600 եկեղեցի ու վանք ենք կորցրել, 20 հազար մշակութային արժեքներ ենք կորցրել։ Թե՞ այդ հարցում դուք մշակութային գործիչ չեք, այլ ՀՌԴ անդամ, լավ կողմնորոշվեք»,- ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատակններ հնչեցնելով ՀՅԴ հասեցին։
Արմենուհի Կյուրեղյանը փաստեր ներկայացրեց՝ նշելով, որ ուզում է ապացուցել, որ ՔՊ տված ամեն խոստում սուտ է ու հասարակության աչքերին թոզ փչող։
«ՔՊ պատգամավորներ, դուք ձեր սեղմած կոճակների համար պատասխանատվություն զգալո՞ւ եք, թե՞ ոչ։ Դուք ոչ միայն պատասխանատվությունից, այլ նաեւ հայրենիքից, հայրենասիրությունից բան չեք հասկանում, դուք ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից բան չեք հասկանում, դուք միայն պատժից եք հասկանում, ամենալավը դուք գիտեք, թե ինչի դիմաց ում ինչ եք խոստացել, եւ ինչ պատժի առաջ եք կանգնելու այդ խոստումները չկատարելու պարագայում։ Իմացեք, որ անհայրենիքները պատմության աղբանոց են նետվելու, անհայրենիքների գործն առաջ մղողները պատժվելու են, ամեն մեկն իր տեղում իր ժամանակին իր չափով պատասխան ստանալու է, համոզված եղեք»,- նշեց Կյուրեղյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: