Վենետոյի Նահանգի խորհրդի նախագահ Լուկա Ձայայի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 23-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Իտալիայի Վենետո Նահանգի խորհրդի նախագահ Լուկա Ձայայի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ։

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունն ու նշանակությունը։

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Շուշան Խաչատրյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, անդրադարձել Հայոց ցեղասպանության տարիներին հայերին աջակցած օտարերկրյա գործիչներին: Մասնավորապես, ներկայացվել են Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի և Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջակոմո Գորինիի հայանպաստ գործունեությունն ու նրանց ջանքերը հայերի փրկության գործում։

Այնուհետև հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Շրջայցի ավարտին Լուկա Ձայան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Պատվիրակության անդամների հետ զրուցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության եզրերը։

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հրաչյա Թաշչյանը պատվիրակության ղեկավար Լուկա Ձայային նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։ Իտալական կողմն իր հերթին թանգարան-ինստիտուտին է նվիրել իտալացի նկարիչ Վիկո Կալաբրոյի հեղինակած՝ Վենետիկի Դոժերի պալատի և Սանտա Մարիա դելլա Սալուտե եկեղեցու պատկերներով լիտոգրաֆներ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment