Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաուդյան Արաբիայի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Թագավորության թագավոր, զույգ սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ-ազիզ Ալ Սաուդին, ինչպես նաև գահաժառանգ և վարչապետ Մուհամմադ Բին Սալման Ալ Սաուդին։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի հետ ձևավորվել են փոխշահավետ համագործակցության ամուր հիմքեր:
Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավորին հասցեագրված ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդին Ազգային տոնի առիթով։
Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև շփումները նոր լիցք են ստացել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ հիմնված բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել երկկողմ փոխգործակցության դինամիկ զարգացումն ու հետագա խորացումը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն թագավորության բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգին և վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ձևավորվել են փոխշահավետ համագործակցության ամուր հիմքեր, որոնք լայն հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ առկա ներուժը կարող ենք վերածել գործնական արդյունքների՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։
Բարձր եմ գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը և լիահույս եմ, որ տարածաշրջանը կթևակոխի կայունության երկարատև փուլ։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 2023 թվականի նոյեմբերի 25-ին: