Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել եմ համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը գրել է.

«Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ ընկերների գաղափարները կիսող հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 25-ին Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվել եմ որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։

Սա համարում եմ իմ ու իմ գաղափարակից ընկերների՝ այս իշխանությունների ապազգային քաղաքականության դեմ փողոցից, բանտերից, դատարաններից տարիներ շարունակվող պայքարի հերթական հանգրվանն ու մարտահրավերը։

Տևական ժամանակ տարբեր ճանապարհներով, այս իշխանությունները համայնքները զավթելով՝ դրանք դարձրել են իրենց հանձնվողականության, ապազգային քաղաքականության և վերարտադրության հենարան։

Ուստի, որպես համայնքի բնակիչ և որպես թե՛ Հայաստանում, թե՛ Արտաշատ խոշորացված համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցիչ, առաջադրվելով որպես տեղի իշխանությունների գլխավոր և հիմնական ընդդիմախոս՝ մեր քաղաքական այլընտրանքն ենք առաջարկում Արտաշատ խոշորացված համայնքի բնակիչներին՝ պայքարելով նրանց վերարտադրության դեմ։

Հ.Գ. Կոչ եմ անում մասնակցել ընտրությանը և ձեր քաղաքական անհամաձայնությունը հայտնել օրվա իշխանությունների պարտվողական, հանձնվողական և ապազգային քաղաքականությանը»։

Leave a comment