Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի գրասենյակը միայն 2025 թվականի ընթացքում արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։ Նա այդ մասին ասաց ՀՀ ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկման ժամանակ։
Ղազարյանը տեղեկացրեց, որ ամեն օր իրենք հանդիպում են 5–6 արցախցի ընտանիքի հետ, վերցնում նրանցից ապացույցներ և ուղարկում ՄԻԵԴ։
«Մարդիկ իսկապես ուզում են տեր կանգնել իրենց իրավունքին»,– ընդգծեց փաստաբանը։
Նա նշեց, որ հարցազրույցների ժամանակ արցախցիներն իրենց պատմությունները գրում են ձեռագիր, քանի որ դա շատ կարևոր ապացույց է, և ՄԻԵԴ–ը չափազանց արժևորում է, երբ մարդու ձեռքով են գրված պատմությունները, այլ ոչ թե իրավական տերմիններով։
«Խաղաղության պայմանագրի նախագծում իրավական պաշտպանվածության մեխանիզմ չկա. հիմնվելով համեմատական իրավունքի վրա` քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի առաջարկում իրավական պաշտպանության մեխանիզմ, միջազգային տրիբունալներն իրենց դռները բաց են պահելու։ Սա շատ կարևոր է և՛ արցախցիների գույքային իրավունքների, և՛ ՀՀ–ի համար` մեկ–երկու տասնամյակ հետո քաղաքական նկատառումներով»,– ընդգծեց փաստաբանը։
Նա հիշեցրեց, որ վերադարձի իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքում, հատկապես երբ անձինք դուրս են եկել զինված հակամարտության հետևանքով։
«Այդ վերադարձը պետք է լինի անվտանգ, արժանապատիվ, որի համար պետք է համապատասխան համակարգեր ստեղծվեն»,– նշեց փաստաբանը։
Ղազարյանը համոզված է, որ արցախցիները վաղ թե ուշ ստանալու են ռեպարացիա` փոխհատուցում իրենց գույքի դիմաց` թեկուզ 10 կամ 20 տարի անց, և այդ մասին են վկայում միջազգային իրավունքում առկա բազմաթիվ օրինակները։