Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը և առաջին ատյանի իրավասու դատարան նոր քննության է ուղարկել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Դատախազը տվյալ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, սակայն, 2026 թվականի ապրիլի 20-ի դատավճռով մեղադրյալի արարքը վերաորակել է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով։
Այդ հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելուն, ծառայողական պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, ինչպես նաև լիազորություններից չբխող կամ դրանց սահմաններից դուրս արարք կատարելուն, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։ Դատարանը մեղադրյալին դատապարտել է երկու տարվա ազատազրկման։
«Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր ներկայացվել։ Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը: Քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թեև Դատախազությունը չի հրապարակել, թե ում է վերաբերում քրեական գործը, լրատվամիջոցի տեղեկություններով՝ խոսքը ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի արարքը պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաորակելու վերաբերյալ դատավճռի մասին է, գրում է Factor.am-ը:
Ավելի քան մեկ տարի առաջ ԱԱԾ-ն Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերել էր պաշտոնյայի, որն, ըստ հրապարակված տեղեկությունների, կապ է ունեցել ադրբեջանցու հետ և նրան կարևոր տեղեկություններ է փոխանցել։ Հայտնի էր դարձել, որ տվյալ պաշտոնյան Աշխեն Ալեքսանյանն է։ Նա աշխատել է առանցքային վարչություններում և հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ալեքսանյանը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ։
Factor.am-ին հայտնի էր դարձել, որ Աշխեն Ալեքսանյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և չի գործել միայնակ։ Առայժմ անհայտ է, թե ովքեր են նրան աջակցել և ինչ պաշտոններ ունեն ԱԳՆ-ում։
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից Աշխեն Ալեքսանյանն այս տարվա մարտին արդարացվել է պետական դավաճանության մեղադրանքի մասով։ Միաժամանակ դատարանը նրա գործողություններում հանցավոր արարք է արձանագրել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով։
Նշված հոդվածով նախատեսվում է պատիժ՝ տուգանք քսանապատիկից քառասնապատիկի չափով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 3-7 տարի ժամկետով զրկում, ազատության սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ 1-4 տարի ժամկետով։
Չնայած ծանր մեղադրանքի մասով կայացված արդարացմանը՝ պաշտպանական կողմը հայտնել է, որ մյուս մասով դատավճիռը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանում։