ԿԳՄՍ նախարարը և Վենետոյի տարածաշրջանային խորհրդի նախագահը քննարկել են Դվինի հնավայրի հնագիտական ժառանգության թվայնացման աշխատանքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իտալիայի Վենետոյի տարածաշրջանային խորհրդի նախագահ Լուկա Զայայի գլխավորած պատվիրակությանը։ Վերջինս Հայաստան է ժամանել Երևանում սեպտեմբերի 23-25-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի 15-րդ խորհրդատվական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովն անցկացվում է «Ուղիներ ժամանակի և մշակույթների միջով․ կրթություն՝ հանուն կայուն ժառանգության» խորագրով։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Վենետոյի տարածաշրջանային խորհրդից և Իտալիայի մշակույթի նախարարությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու համագործակցության հարուստ օրակարգը՝ ընդգծելով հատկապես մշակույթի ոլորտում ձևավորված ամուր կապերը։

Նրա խոսքով՝ երկու երկրների պատմամշակութային առնչություններն ու մասնագիտական համագործակցությունը լավ հիմք են նոր համատեղ նախաձեռնությունների համար։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի 15-րդ խորհրդատվական համաժողովի անցկացումը Հայաստանում՝  ընդգծելով մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում հայ-իտալական արդյունավետ համագործակցությունը։

Այս համատեքստում անդրադարձ է եղել իտալական կողմի աջակցությամբ իրականացվող Գառնու տաճարի արքունի բաղնիքի խճանկարի պահպանման և վերականգնման, Արուճի պատմամշակութային համալիրի ուսումնասիրման, Դվինի հնավայրի հետազոտման և հնագիտական ժառանգության թվայնացման աշխատանքներին։

Կողմերն ընդգծել են նաև Վենետիկի առանձնահատուկ դերակատարությունը հայ մշակույթի և հայագիտության պահպանման ու հանրահռչակման գործում։

Անդրադարձ է եղել այս տարվա ապրիլին Վենետիկում Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացմանը՝ մեծանուն գրողի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։

Կարևորվել է նաև Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում հայագիտության զարգացման ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը։ Առաջիկայում կանցկացվի նաև «Հայագիտական կամուրջներ․ համագործակցություն և կայուն զարգացում» խորագրով հայագիտական 3-րդ խորհրդաժողովը։

Վենետոյի տարածաշրջանային խորհրդի նախագահ Լուկա Զայան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունն ու համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժը։

Նրա խոսքով՝ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման համար մշտապես անհրաժեշտ է նոր կամուրջներ կառուցել, մինչդեռ Հայաստանի և Իտալիայի պարագայում այդ կամուրջներն արդեն կառուցված են. անհրաժեշտ է դրանք օգտագործել:

Կողմերը վերահաստատել են Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցության շարունակական զարգացման պատրաստակամությունը։

Leave a comment