OpenAI-ը ներկայացրել է արհեստական բանականության GPT-6 Sol և GPT-6 Luna մոդելները՝ ընդլայնելով GPT-6 շարքը։ Դրանք ավելի կոմպակտ և մատչելի տարբերակներ են, որոնք հաջորդում են սեպտեմբերի սկզբին ներկայացված GPT-6 Astra-ին։
GPT-6 Sol-ը նախատեսված է բարդ առաջադրանքների, մասնավորապես՝ ծրագրավորման համար, իսկ GPT-6 Luna-ն՝ հստակ սահմանված նպատակ ունեցող ծավալուն աշխատանքների, այդ թվում՝ փաստաթղթերի ամփոփման, տեղեկատվության դուրսբերման և պարզ հարցերին պատասխանելու համար։
Նոր մոդելների API-ի միջոցով օգտագործման արժեքը նախորդ՝ GPT-5.6-ի վրա հիմնված Sol և Luna տարբերակների համեմատ նվազել է 50%-ով։ OpenAI-ը գնային փոփոխությունը բացատրում է քեշավորման և ինֆերենսի՝ մոդելի կողմից պատասխանների գեներացման գործընթացների օպտիմալացմամբ։
Ընկերության տվյալներով՝ նոր մոդելներն ավելի ճշգրիտ են ներկայացնում փաստերը և ավելի քիչ սխալներ թույլ տալիս ծրագրային կոդ գրելիս։ OpenAI-ի ներքին գնահատման համաձայն՝ GPT-6 Sol-ը մոտ երկու անգամ ավելի քիչ է սխալվում, քան նախորդ տարբերակը՝ ապահովելով Astra-ի մակարդակի հուսալիություն զգալիորեն ավելի ցածր ծախսերով։
OpenAI-ը նաև պնդում է, որ GPT-6 Sol և Luna մոդելները մի շարք առաջադրանքներում գերազանցում են մրցակից Anthropic-ի առաջատար Fable և Opus մոդելներին։ Anthropic-ը Opus 5.5 նոր տարբերակը ներկայացրել էր OpenAI-ի հայտարարությունից ընդամենը մեկուկես ժամ առաջ։
Նոր մոդելներն արդեն հասանելի են ChatGPT Work-ում և Codex-ում՝ վճարովի բաժանորդների մեծամասնության համար, ինչպես նաև ChatGPT API-ի միջոցով։ Luna-ն հասանելի կդառնա նաև համակարգչային հավելվածում և անվճար ու Go սակագնային պլանների օգտատերերի համար։ OpenAI-ը նախատեսում է օրվա ընթացքում մոդելները ներդնել նաև ChatGPT-ի հավելվածում և կայքում։