«Խաղաղության պատումը լավն է, դրական է, բայց դա բավարար չէ, որպեսզի տարածաշրջանում ձեւավորվի ու պահպանվի խաղաղություն»,- «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրով ԱՊՐԻ ֆորումի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նա նշեց՝ որպեսզի իրատեսական խաղաղություն լինի, տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն պետք է լինի, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ «Եթե ուզում ենք իրական խաղաղություն, ուժերի հավասարակշռությունը չափազանց կարեւոր է, եւ Իրանը հենց սրան է ձգտում այս տարածաշրջանում։ Հավասարակշռություն, որը կլինի մնայուն, տեւական խաղաղության երաշխիքը այս տարածաշրջանում։ Եթե չլինի այդ հավասարակշռությունը, իրավիճակը կլինի փխրուն»,- ասաց դեսպանը։
Խալիլ Շիրղոլամին այսօրվա ֆորումի ժամանակ ներկայացրել էր Իրանի դիրքորոշումը ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ։
Նա ասաց, որ ԹՐԻՓՓ-ից զատ` Հայաստանն ունի այլ ներուժ՝ դառնալու Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի եւ Սեւ ծովի միջեւ կապակցման կենտրոն։
«Սա էլ պիտի օգտագործել որպես հնարավորություն, որ Հայաստանը դառնա կենտրոն, որը կապելու է Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի ու Սեւ ծովի հետ։ Բայց պետք է լինեն որոշակի պայմաններ եւ նախապայմաններ, որոնք պետք է բավարարվեն»,- նշեց դեսպանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: