Ազգային ժողովում ընթացող «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգել է բռնի տեղահանված արցախցիների սոցիալական ու բնակարանային ծանրագույն իրավիճակի մասին։
Ստեփանյանի փոխանցմամբ՝ Հայաստանում միգրացիոն հոսքերի պատճառով անշարժ գույքի վարձավճարների շուկայում թռիչքային աճ է գրանցվել, ինչի հետևանքով ամենաշատը տուժում են հենց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։
«Պետական այն չնչին աջակցությունը, որ վարձավճարների համար տրամադրվում է արցախցիներին, որևէ ձևով չի համապատասխանում նրանց կարիքներին»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը։
Խոսելով բնակարանային ապահովման պետական ծրագրի մասին՝ Ստեփանյանը նշել է, որ 8000 ընտանիք ստացել է սերտիֆիկատ, սակայն դրանցից ընդամենը 4000-ն է կարողացել իրացնել այն և վերջնականապես լուծել բնակարանի հարցը։
«Այս թիվը հուշում է այն մասին, որ մարդիկ վերցնում են հավաստագիրը, բայց չգիտեն՝ ինչպես իրացնել․ համապատասխան բնակարան՝ համապատասխան այդ պահանջներին և համարժեք արժեքին, չեն կարողանում գտնել։ Բացեք List.am-ը, կտեսնեք՝ Երևանի հարակից տարածքներում ինչ բնակարաններ կգտնեք»,- հայտարարել է Գեղամ Ստեփանյանը։