Ալեքսանդր Թիմանն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կատարման ընթացքին և թիրախներին, որոնք վերաբերում են ՀՀ բյուջեի պակասուրդին և ԿԲ պահուստների մակարդակին

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանը և հանձնաժողովի անդամներ Հայկ Ֆարմանյանը, Արթուր Խաչատրյանն ու Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։

Հանձնաժողովի նախագահը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև մասնագիտական երկխոսության, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, Հայաստանի երկարաժամկետ կայունությանը նպաստող քայլերի տեսանկյունից։ Լիանա Մանուկյանը հույս է հայտնել, որ համագործակցությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կլինի շարունակական։

Իր հերթին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանը ներկայացրել է այցի նպատակը, կարևորել Ազգային ժողովի հետ համագործակցությունը, անդրադարձել ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կատարման ընթացքին և թիրախներին, որոնք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ բյուջեի պակասուրդին և ԿԲ պահուստների մակարդակին:

Անդրադարձ է կատարվել ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությանը, էներգետիկ և ջրային ոլորտներին, պետական պարտքի կառավարմանը, տնտեսական աճին և ռիսկերին, գնաճին, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment