ՆԳՆ քրեական ոստիկանությունը ձերբակալել է, այսպես կոչված, «օրենքով գողեր» «Զապ»-ին՝ Անդրանիկ Սողոյանին, և «Օշականցի Գևորիկին»՝ Գևորգ Մելիքյանին։
Ինչպես հայտնել էինք քիչ առաջ՝ ըստ ոստիկանության՝ Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ իր դուստրը վիճաբանել է նախկին ամուսնու հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու նպատակով։
Նույն օրը՝ ժամը 02։40-ի սահմաններում, 56-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նախկին փեսայի և նրա հետ գտնվող անձանց միջև։ Կողմերը, ըստ ոստիկանության, հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել։
Դեպքից հետո նախկին փեսան մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը՝ նախկին աներից հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն, ըստ ոստիկանության, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։