Կոմիտասի ծննդյան օրը մեկնարկում է երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 26-ին՝ հայկական ազգային դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային փառատոնը։

«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել փառատոնը սկսել Կոմիտասին նվիրված համերգով, որի ժամանակ հանդես կգան Հայաստանի լավագույն երգեհոնահարները։

«Փառատոնը սկսել է իր կյանքը 2022 թվականին, երբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը նախաձեռնեց փառատոն անցկացնելու գործընթացը, և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությունն ունեցանք: Արդեն չորրորդ տարին է՝ իրականացնում ենք փառատոնը՝ հենվելով հենց այդ աջակցության վրա, որի արդյունքում այսօր ունենք բավական լուրջ միջազգային փառատոն երգեհոնային երաժշտության ասպարեզում: Կարող եմ վստահաբար ասել, որ մեր փառատոնն այսօր տարածաշրջանային կենտրոն է հանդիսանում երգեհոնային արվեստի։

Փառատոնին պարբերաբար տարբեր տարիներին հրավիրվել են հրաշալի երաժիշտներ, հանրահայտ երգեհոնահարներ աշխարհի տարբեր երկրներից: Այս տարվա մեր հյուրերը կլինեն Գի Բովեն, որը համաշխարհային մեծության կոմպոզիտոր և երգեհոնահար է Շվեյցարիայից, Միլիցա Ռադովանովիչը, որը ազգությամբ սերբ է, բայց բնակվում է Նորվեգիայում, և Հիրոկո Ինոյեն՝ ճապոնացի երգեհոնահարուհի, բավական հայտնի, մեծ համերգային գործունեություն ծավալող։

Փառատոնի ստեղծման առաջին իսկ օրվանից չենք սահմանափակվել Երևանով, քանի որ երջանկահիշատակ Վահագն Ստամբոլցյանը՝ հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիրը, ժամանակին երգեհոններ կարողացավ տեղադրել Կապանում և Չարենցավանում: Առաջին իսկ փառատոնից սկսած՝ այդ քաղաքներում մենք իրականացնում ենք փառատոնային համերգներ: Հենց Կապանում էլ ելույթով հանդես կգա Միլիցա Ռադովանովիչը, իսկ Չարենցավանում՝ Գի Բովեն»,-նշեց Արմեն Սուքիասյանը։

Նրա ձևակերպմամբ, շատ ճաշակավոր հանդիսատես ունենք Կապանում և Չարենցավանում, եւ նրանց ցածրորակ երաժշտություն մատուցելն ուղղակի անհնար է։

Ի թիվս այլնի, Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիրը ընդգծեց, որ փառատոնն իր առաքելությունն իրականացրել է, և այսօր վստահաբար կարող ենք ասել, որ երգեհոնային արվեստի մարման հետ կապված վախն այլևս չկա. «Մենք ունենք երաժշտական դպրոցներ, որտեղ երգեհոնային դասարաններ են բացվում: Ունենք մասնավոր դպրոց, որը գնեց երգեհոն և դպրոցում տեղադրեց, որպեսզի ևս մեկ հարթակ լինի երեխաների համար սովորելու։

Բացի դրանից, կոմպոզիտորներն են նոր ստեղծագործություններ գրում երգեհոնի համար, և, իհարկե, առկա է մշակութային փորձի փոխանակումը տարբեր երկրների երգեհոնահարների հետ: Ի դեպ, երբ գնում ենք մարզեր, արտասահմանցի երգեհոնահարների հետ անպայման անցկացվում են վարպետության դասեր տեղի երեխաների հետ, ինչը մեծ խթան է նրանց կրթության և հետագա մասնագիտական գործունեության համար:

Պետք է ասեմ, որ վերջերս չարենցավանցի մի հրաշալի աղջիկ՝ Նունե Սահակյանը ընդունվեց գերմանական բուհերից մեկը՝ ուսումն այդ ուղղությամբ շարունակելու համար: Այսինքն՝ փառատոնն իր դրական ազդեցությունն ունի, և մեզ մոտ երգեհոնային արվեստը առաջընթաց է ապրում»։

Արմեն Սուքիասյանը նշեց, որ մարզերում մուտքը փառատոնային համերգներին ազատ է, իսկ Երևանում տոմսերը ցանկալի է նախապես ձեռք բերել։

Ասուլիսն՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment