ՀՀԿ գործընկեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակը ցույց է տալիս, որ «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»,- գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա, մասնավորապես, նշել է․
«ՌԴ-ում ավարտվեցին Պետական դումայի ընտրությունները, որի արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան»-ը 2021 -ի ընտրությունների համեմատ ավելի բարելավեց իր դիրքերը։
Եթե 2021-ին «Միասնական Ռուսաստանը» հավաքել էր 49,82 տոկոս, ապա հիմա ստացավ 57,96 տոկոս ձայն։
208 մանդատ էլ «Միասնական Ռուսաստանը» ստացել է մեծամասնական ընտրակարգով։
Փաստորեն, ընդհանուր առմամբ իշխող «Միասնական Ռուսաստանը» Պետական դումայում կստանա 347 մանդատ և կունենա սահմանադրական մեծամասնություն, որի համար անհրաժեշտ էր 301 մանդատ։
ՀՀԿ-ի գործընկեր ուժի այս հաջողությունը հերթական անգամ փաստում է, որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը վստահում է քաղաքական իշխանության նախևառաջ արտաքին ու անվտանգային կուրսին։
Մեզ համար կարևոր է գործընկեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության տպավորիչ ու վստահելի հաջողությունը։
Շնորհավորում եմ Պետական դումա անցած «Միասնական Ռուսաստանի» մեր գործընկերներին և հույս հայտնում, որ ՀՀԿ-ի և «Միասնական Ռուսաստանի» միջկուսակցական համագործակցությունը ի շահ մեր պետությունների ու քաղաքացիների կշարունակվի։
ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են»։