«Մենք խորհրդածելու շատ բան ունենք, թե ինչպես կարողացան մեզ համոզել, որ սպառողական մտածելակերպը ավելի կարեւոր է, քան հողն ու հայրենիքը». Ձյունիկ Աղաջանյան

«Բոլոր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորելով՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում նշեց, որ այս տոնի նշանակությունը եւ խորհուրդը մեզ համար երբեք չի պակասելու։

«Մենք հեշտությամբ չենք անկախություն ձեռք բերել եւս մեկ անգամ։ Թե Առաջին Հանրապետության ժամանակ, թե խորհրդային օրերին, թե խորհրդային շրջանում, թե ներկայիս Հայաստանի Հանրապետության պարագայում մենք շատ ծանր օրերի եւ դժվարությունների միջով ենք անցել, որպեսզի մեր պետականությունն ամրապնդենք եւ հայրենիքին տեր կանգնենք։ Հայրենիքի զգացողությունն ու սեփական հողին ու ինքնությանը կառչած լինելն է, որ օգնել է մեզ հաղթահարել բոլոր դժվարությունները, հաղթանակել նաեւ Արցախի անկախությունը ստանալով, որը այս իշխանությունների ձեռամբ ուղղակի դրվեց զոհասեղանին եւ սկուտեղի վրա մատուցվեց մեր թշնամիներին»,-ասաց նա։

Դիվանագետը համարում է, որ անկախության անցած 35 տարիներին մենք շատ սխալներ ենք արել, որոնցից ամենակարեւորը, թերեւս, մեր գործադրած ջանքերի արժեքը չհասկանալն էր, մեր անցած դժնդակ ճանապարհին քամահրորեն վերաբերվելը։ «Այս առումով, մենք խորհրդածելու շատ բան ունենք, թե ինչու եւ ինչպես կարողացան մեզ համոզել, որ նյութը, սպառողական մտածելակերպը ավելի կարեւոր է, քան հողն ու հայրենիքը։ Արդյունքում մենք ունենք նման իշխանություն, որն արդեն մեր Հայաստանի Հանրապետությունն է դրել զոհասեղանին եւ փորձում է ամեն կերպ ոչնչացնել դրա հենասյուները՝ ճանապարհ հարթելով ամորֆ, անկապ, անկամ, ճկվող, պլաստիլինի դեր խաղացող ինչ-որ մի զանգվածի համար, որը իրենք կոչում են չորրորդ հանրապետություն եւ որն ուղղակի պետք է սպասարկի մեր թշնամիների եւ օտարների շահերը։

Մենք շատ անելիք ունենք՝ մեր ժողովրդին ցույց տալու այս 35 տարիների պայքարը իրոք պայքար լինելը եւ անթույլատրելիությունը այս իշխանությունների ձեռամբ մեր նվաճումները բացարձակապես զրոյացնելու»։

Տիկին Աղաջանյանը ցավով նշեց, որ այս իշխանությունների օրոք մեր գրեթե բոլոր տոնական օրերը պատվել են նաեւ սգո շղարշով, եւ այս իշխանությունները հենց այդ օրերին ինչ-որ միջոցառումներ ու փառատոներ են կազմակերպում։ «Եվ ցավալի է, որ մեր ժողովրդի ինչ-որ մի մասը դեռ շարունակում է այս մարդկանց տրամաբանությանն ու մտածելակերպին հարիր գործել ու իրենց համար սատար լինելու հենարան դառնալ»,- ասաց նա։ Սակայն նաեւ վստահություն հայտնեց, որ դա էլ կանցնի, որովհետեւ այն բարդությունները եւ խնդիրները, որ այս իշխանությունները սահուն կերպով բերում են մեր ժողովրդի գլխին, դրանք ուղղակի այլընտրանք չեն թողնի, բացի սթափեցումը, սեփական ճակատագիրը մեր ձեռքը վերցնելու վճռականությունը եւ այս իշխանություններին ցտեսություն տալու ճանապարհը բռնելը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment