Ավստրալիան հույս ունի, որ արհեստական բանականությունը կփրկի երկրի տնտեսությունը

Ավստրալիան արհեստական բանականության վրա է հույս դնում՝ այն դիտարկելով որպես առաջիկա 40 տարիների տնտեսական աճի շարժիչ։ Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կդառնա ավելի մասնատված և անկանխատեսելի, գրում է Bloomberg-ը։

Ավստրալիայի ֆինանսների նախարարության հրապարակած «Միջսերնդային զեկույց 2026»-ում, որին հղում է անում հրատարակությունը, նշվում է, որ արհեստական բանականության տարածումն ու ներդրումը, ամենայն հավանականությամբ, կօգնեն ապահովել երկարաժամկետ կանխատեսմամբ նախատեսված աշխատանքի արտադրողականության տարեկան 1.2% աճը։ Նույն ցուցանիշն օգտագործվել էր նաև 2023 թվականի զեկույցում։

«2010-ականների մեր առավելությունները՝ Չինաստանի կողմից հումքային ապրանքների պահանջարկը, կրթությունն ու զբոսաշրջությունը, կփոխարինվեն վերականգնվող էներգետիկայի և կարևոր նշանակության օգտակար հանածոների, ուժեղ ինստիտուտների ու ռազմավարական գործընկերությունների, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ծառայությունների ոլորտներում նոր առավելություններով», – հայտարարել է ֆինանսների նախարար Ջիմ Չալմերսը՝ զեկույցը Ավստրալիայի ազգային համալսարանում ներկայացնելիս։

Նախարարի ելույթից հետո նրան հարցրել են, թե ինչու է ֆինանսների նախարարությունը կանխատեսման հիմքում դրել աշխատանքի արտադրողականության հենց այդպիսի աճ։ Չալմերսը պատասխանել է, որ փաստացի ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել, սակայն գերատեսչությանը 1.2%-անոց կանխատեսումը բավական հավասարակշռված է թվում։

Տվյալների կենտրոնների կառուցումը դարձել է Ավստրալիայի տնտեսության աճի նկատելի գործոններից մեկը։ Westpac Banking Corp.-ի գնահատմամբ՝ այս բումը իր մասշտաբներով համադրելի կլինի 2010-ականների սկզբին հեղուկացված բնական գազի ոլորտի ընդլայնման հետ։

Սակայն կարճաժամկետ հեռանկարում տվյալների կենտրոնների զարգացումը կարող է խորացնել ռեսուրսների և արտադրական հզորությունների պակասը։ Այս սահմանափակումներն արդեն նպաստել են գնաճի արագացմանը և ստիպել Ավստրալիայի պահուստային բանկին բարձրացնել տոկոսադրույքները։

Զեկույցի համաձայն՝ Ավստրալիայի տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը մինչև 2060-ականների կեսերը կնվազեն մինչև 2%՝ նախորդ 40 տարիների 3%-ի համեմատ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment