Մեծ Բրիտանիայի խոշորագույն հարկատուն այլևս չի ցանկանում այդ երկրում ծնվել

Betfred բուքմեյքերական կայսրության հիմնադիր Ֆրեդ Դանը, որը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի խոշորագույն հարկատուն, Financial Times-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ «չէր ցանկանա կրկին ծնվել Միացյալ Թագավորությունում»։ Sunday Times-ի՝ ամենահարուստ մարդկանց վարկանիշի համաձայն՝ Ֆրեդի և նրա եղբոր՝ Փիթերի ընդհանուր կարողությունը կազմում է 3.61 մլրդ ֆունտ ստերլինգ (4.2 մլրդ եվրո)։

83-ամյա գործարարը կոշտ քննադատության է ենթարկել հարուստ քաղաքացիների հարկային քաղաքականությունն ու խաղային բիզնեսը կարգավորող կանոնները։ Նա նշել է, որ ինքն արդեն «չափազանց ծեր է» երկիրը լքելու համար, սակայն չի փորձի իր երեխաներին հետ պահել ավելի մեղմ հարկային ռեժիմ ունեցող երկրներ տեղափոխվելուց։

«Անընդհատ ասում են, որ ամենալայն ուսեր ունեցողները պետք է ավելի շատ հարկ վճարեն։ Իսկ որքանո՞վ լայն պետք է լինեն իմ ուսերը։ Անցյալ տարի մեր ընտանիքը 400 մլն ֆունտ ստերլինգ (466.4 մլն եվրո) հարկ է վճարել», – հայտարարել է Դանը։

Բրիտանիայից կապիտալի արտահոսքի խնդիրը հատկապես ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ անցյալ տարի երկիրը հրաժարվեց non-dom ռեժիմից, որը օտարերկրյա եկամուտներն ազատում էր հարկումից։ Rokos Capital Management հեջ-ֆոնդի հիմնադիր Քրիս Ռոկոսը, որը բրիտանացի խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը, տեղափոխվել է Հունաստան։ Երկիրը լքել են նաև պողպատի մագնատ Լակշմի Միթալը և Եգիպտոսի ամենահարուստ մարդ Նասեֆ Սավիրիսը։

Այս ֆոնին ֆինանսների նախարար Ջոն Հիլին ծրագրում է բարձրացնել խաղային ավտոմատների հարկը։ Դանը, որն այս տարի եղբոր՝ Փիթերի հետ միասին Sunday Times-ի վարկածով գլխավորել է խոշորագույն հարկատուների վարկանիշը, նախազգուշացրել է, որ եթե հարկային դրույքաչափը 20%-ից բարձրացվի մինչև 40%, Betfred-ը ստիպված կլինի փակել 1094 խաղադրույք ընդունող կետերից 495-ը։ Դա կհանգեցնի 2575 աշխատատեղի կորստի և պետական բյուջե հարկային մուտքերի 67 մլն ֆունտով (78.1 մլն եվրո) կրճատման։

Leave a comment