Ինտերպոլի կանոնադրությունը խստորեն արգելում է կազմակերպությանը ներգրավվել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասսայական բնույթի հարցերում:
Ոչնչացումից փրկելու նպատակով հակամարտության գոտուց դուրս բերված մշակութային արժեքների վերաբերյալ պահանջներ ներկայացնելը ոստիկանական ուղիները որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք օգտագործելու փորձ է:
Խնդրո առարկա մշակութային արժեքները հայկական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:
Մշակութային արժեքների պղծումը կանխելու նպատակով տարհանման կամ հակամարտության ընթացքում դրանց փրկությունը համահունչ է ժառանգության պահպանման միջազգային չափանիշներին և չի կարող դիտարկվել որպես քրեական գողություն:
Ադրբեջանի երկակի ստանդարտները հասկանալու համար անհրաժեշտ է ընդամենը հիշել Ադրբեջանի կողմից մշակութային արժեքների ոչնչացման փաստագրված դեպքերը. 1998-2006 թթ. ընթացքում ավելի քան 3000 պատմական հայկական խաչքարերի և հազարավոր տապանաքարերի համակարգված ոչնչացումը և տարածքի վերածումը ռազմական հրաձգարանի։ Նախիջևանի հայկական հարյուրավոր եկեղեցիների և գերեզմանոցների հիմնահատակ ոչնչացումը։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծությունը 2020 թ. և դրա խորհրդանշական գմբեթի հետագա հեռացումը։ 2020-ից հետո Շուշիի Կանաչ ժամ (Սբ Հովհաննես Մկրտիչ), Մոխրենիսի Սբ. Սարգիս եկեղեցիների և հարյուրավոր պատմական այլ հուշարձանների ամբողջական ապամոնտաժումը և այլն։
Այսօր էլ առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում միջնադարյան հայկական հուշարձանների ջնջման, ձևափոխման և ոչնչացման քաղաքականությունը շարունակվում է:
Րաֆֆի Քորթոշյան
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: