Թեհրանում նշվել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։ Այս մասին իր էջում տեղեկացրել է իրանցի իրանագետ Փույա Հոսեյնին։
Նա, մասնավորապես, գրել է․ «Երկուշաբթի երեկոյան Թեհրանի «Իրանական արվեստի թանգարան-պարտեզում» նշվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը։
Միջոցառմանը ներկա են եղել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սոբհանին, փոխնախագահ, Պլանավորման և բյուջեի կազմակերպության նախագահ Համիդ Փուրմոհամմադին, Պարսկերենի և պարսկական գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելը, Իրանի ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Ալի Աքբար Սալեհին, Իրանի նախկին դեսպաններ, ինչպես նաև Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և ռազմական կցորդներ։
Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Համիդ Փուրմոհամմադին նշել է, որ Կովկասում խաղաղությունը Իրանի ռազմավարական առաջնահերթություններից է։
Նրա խոսքով՝ Իրանը աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և դեմ է տարածաշրջանում ուժի կիրառմանը կամ դրա սպառնալիքին։
«Կովկասը պետք է լինի համագործակցության, համակեցության և զարգացման տարածաշրջան և չվերածվի աշխարհաքաղաքական մրցակցության ու անվտանգության առճակատումների հարթակի»,- ասել է նա։
Փուրմոհամմադին ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Իրան-Հայաստան հարաբերությունները զարգացել են բարեկամական մթնոլորտում՝ նշելով, որ երկու երկրների սահմանը «միշտ եղել է բարեկամության և վստահության սահման»։
Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները նպատակ ունեն զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում և դրանք բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նրա խոսքով՝ իրանական ընկերությունները Հայաստանում իրականացնում են մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում՝ Սյունիքի մարզում։
Իրանի փոխնախագահը նաև հայտարարել է, որ Թեհրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցություններին և հույս ունի, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնականապես կստորագրվի»։