Թարգմանիչ Արուս Մարգարյանը՝ Ջերալդ Դարելի «Իմ ընտանիքը և այլ կենդանիներ» վեպի հայերեն հրատարակության մասին
«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել անգլիացի գրող և բնագետ Ջերալդ Դարելի «Իմ ընտանիքը և այլ կենդանիներ» ինքնակենսագրական վեպը՝ անգլերենից Արուս Մարգարյանի թարգմանությամբ։ 1956 թվականին հրատարակված գիրքը պատմում է հեղինակի մանկության այն տարիների մասին, որ Դարելների ընտանիքն անցկացրել է հունական Կորֆու կղզում։ Հենց այնտեղ փոքրիկ Ջերին առաջին անգամ բացահայտել է կենդանական աշխարհի հրաշքները։
Արուս Մարգարյանը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոս է, անգլերենի բուհական դասագրքերի, ուսումնական ձեռնարկների և գիտական հոդվածների հեղինակ։ Նրա թարգմանությամբ հայ ընթերցողին են հասել մանկապատանեկան և ժամանակակից գեղարվեստական մի շարք գործեր, այդ թվում՝ Լինա Ջոնսի` «Ագաթա Օդլի» և Փիփ Մըրֆիի «Քրիստիի և Ագաթայի խուզարկուական գործակալություն» շարքերի գրքերը։
– Տիկին Մարգարյան, գրքի լույս տեսնելու առթիվ գրել եք՝ «Վերջապե՜ս»։ Ինչո՞ւ էիք այդքան անհամբեր սպասում։
– Մի քանի պատճառով։ Նախ՝ թարգմանելն ինձ համար աննկարագրելի հաճույք էր, վայելք։ Երբ երկար ժամանակ ապրում ես մի գրքի հետ, նրա կերպարներն ու դրվագները դառնում են քո առօրյայի մասը, և ուզում ես որքան հնարավոր է շուտ տեսնել այն ընթերցողի ձեռքին։ Բացի այդ, այս գիրքը մեծ սեր և հռչակ է վայելում աշխարհով մեկ, և վաղուց ժամանակն էր, որ հայ ընթերցողը նույնպես ծանոթանա դրան մայրենի լեզվով։
– Ի՞նչն է առանձնահատուկ Դարելի ոճում։
– Դարելի ոճը յուրահատուկ է, իսկ հումորը՝ շատ նուրբ։ Նա միավորում է բնագետի ճշգրտությունն ու բանաստեղծի հայացքը. մի էջում մանրամասն նկարագրում է, թե ինչպես է սարդը հյուսում ոստայնը, հաջորդում՝ ընտանեկան ճաշի ժամանակ ծագած վեճը, և երկուսն էլ նույնքան կենդանի են։
Նրա լեզուն անընդհատ փոփոխվում է, դա մերթ գիտնականի կամ գրողի բարձրաոճ խոսք է, մերթ խոսակցական, մերթ հույնի կիսատ-պռատ, թարսուշիտակ անգլերեն, մեկ էլ ֆրանսիացու ղատասացություն:
Հենց դա էր աշխատանքը դարձնում և՛ հաճելի, և՛ խիստ պատասխանատու ու դժվար։ Պետք էր, որ հայերենում էլ պահպանվեին այդ յուրահատկությունները, որպեսզի ընթերցողը առավել լիարժեք ընկալեր կերպարները։
– Կա՞ դրվագ, որի վրա հատկապես երկար եք աշխատել։
– Այդպիսի դրվագներ շատ կային, բայց ամենասիրելիներից մեկը լուցկու տուփի պատմությունն է։ Ջերին տուն է բերում կարիճին իր ձագերով, իսկ ավագ եղբայրը՝ Լարին, անտեղյակ, ճաշից հետո ծխախոտ վառելու համար բացում է տուփը։ Այդ տեսարանում ամեն ինչ կառուցված է ռիթմի վրա՝ իրարանցումը, բացականչությունները, մայրը, որ փորձում է բոլորին հանգստացնել։ Եթե նախադասությունները թեկուզ մի փոքր ծանրանան, ծիծաղն անմիջապես կորչում է։ Այդ էջերը մի քանի անգամ բարձրաձայն եմ կարդացել, մինչև զգացի, որ հայերենում էլ նույն կերպ են հնչում։
– Հումորը թերևս ամենադժվար թարգմանվողն է։ Ինչպե՞ս եք փորձել պահպանել անգլիական հումորը։
– Անգլիական հումորը թաքնված է ոչ այնքան կատակների, որքան տոնի մեջ՝ զուսպ, երբեմն հեգնական, երբեմն ինքնահեգնական։ Դարելը երբեք չի ասում՝ «սա ծիծաղելի է», նա պարզապես ճշգրիտ նկարագրում է իրավիճակը, և ծիծաղը ծնվում է ինքնին։ Այս գրքի վերնագիրն անգամ հումոր է: Թարգմանչի մեծագույն գայթակղությունը կատակը «բացատրելն» ու ուժեղացնելն է, և ես ամեն կերպ խուսափում էի դրանից։
Միշտ էլ առանձին մարտահրավեր են բառախաղերը: Անգլերենի բառերը կարճ են, և համանունները շատ-շատ են, որը չես ասի հայերենի մասին: Դժվար է հայերենում ստեղծել հանգավորում, որը նույն իմաստն և պատկերավորությունն ունենա:
Ահռելի աշխատանք պահանջեցին նաև կենդանիների, միջատների և բույսերի անվանումները. կարևոր էր լինել ճշգրիտ, բայց չծանրաբեռնել տեքստը գիտական տերմիններով։
Դարելի ոճի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ անթիվ համեմատություններ և փոխաբերություններ է օգտագործում, և ինչ էլ որ նկարագրելիս լինի` մարդ, անշունչ առարկա, թե բնական երևույթ, ամեն ինչ, անխտիր, համեմատվում է կենդանու կամ բույսի հետ: Նման դեպքերում, բնականաբար, կարևոր է ոչ թե գիտական անվան ճշգրտությունը, այլ պատկերի ճշգրտությունն ու ստեղծած տպավորությունը:
– Գրքում կա մի կերպար՝ Թեոդորը, որը Ջերիի իսկական ուսուցիչն է դառնում։
– Թեոդորը գրքի ամենաջերմ կերպարներից է։ Նա գիտնական է, որը երբեք չի ձանձրանում տղայի հարցերից և նրա հետ խոսում է որպես հավասարի հետ։ Կարծում եմ՝ շատ ծնողներ և ուսուցիչներ կարող են սովորել նրանից. երեխայի հետաքրքրասիրությունը պետք չէ զսպել, այն պետք է ուղղորդել։ Ինձ համար, որպես դասախոսի, այդ էջերը հատկապես հարազատ էին։
Այստեղ երևի տեղին է նշել, որ գրքի բոլոր կերպարները` սկսած Թեոդորից և վերջացրած հույն գյուղացիներով, իրական մարդիկ են, երբեմն անունները փոխած: Ինձ համար հայտնություն էր Լարիի ընկերոջ` Զապոտեկ անունով հայ բանաստեղծի կերպարը: Երբ փորձեցի ստուգել` արդյոք դա՞ էլ իրական կերպար էր, պարզվեց, որ ըստ որոշ մեկնաբանների` կերպարի նախատիպը եղել է Կոստան Զարյանը, որը շատ մտերիմ է եղել Ջերիի եղբայր Լարիի (գրող Լորենս Դարելի) հետ և իրականում այցելել է նրանց Կորֆուում:
– Դուք թարգմանել եք նաև մանկապատանեկան դետեկտիվներ։ Ինչո՞վ է տարբերվում Դարելի հետ աշխատանքը։
– Ժամանակակից մանկական դետեկտիվներում կարևորը սյուժեի դինամիկան է, երկխոսությունների աշխուժությունը, այսօրվա երեխայի լեզուն։ Դարելի մոտ ոչ մի առեղծված չկա, և, այնուամենայնիվ, գիրքը կարդացվում է մեկ շնչով։ Նրա ուժը դիտողականության, նկարագրության և մթնոլորտի մեջ է։ Դա XX դարի դասական արձակ է՝ իր երաժշտությամբ, և թարգմանչի խնդիրն է այդ երաժշտությունը չկորցնել։ Դետեկտիվները թարգմանելիս ես հետևում էի սյուժեին, իսկ Դարելին թարգմանելիս՝ ավելի շատ ականջս էի լարում։
– Օգնո՞ւմ է արդյոք դասավանդումը թարգմանչական աշխատանքում։
– Անշուշտ։ Դասավանդումը ստիպում է անընդհատ մտածել լեզվի մասին, բացատրել այն, ինչ մայրենի լեզվով խոսողն ինքնաբերաբար է զգում։ Թարգմանությունն իր հերթին տալիս է կենդանի օրինակներ, որոնք հետո օգտագործում եմ լսարանում։ Ուսանողների թարմ հայացքը երբեմն հուշում է լուծումներ, որոնց մասին ինքս չէի մտածել։ Պատահել է, որ մի խոսակցական ոճի արտահայտություն թարգմանելու մի քանի տարբերակներ են ուղեղումս պտտվել, և կողմնորոշվելու համար դիմել եմ ուսանողներիս օգնությանը: Երիտասարդ թարգմանիչներին միշտ ասում եմ՝ շատ կարդացեք հայերեն։ Օտար լեզուն իմանալը միայն կեսն է, երկրորդ կեսը մայրենին զգալն է։
– Գիրքը թարգմանված է ավելի քան 40 լեզվով, դրա հիման վրա նկարահանվել են ֆիլմաշարեր։ Ինչո՞ւ էր կարևոր հայերեն հրատարակությունը։
– Որովհետև դա զվարճալի, մեկ շնչով ընթերցվող վեպ է, որն արժանի է ամենուր ընթերցվելու։ Շատերը մեզանում այն կարդացել են ռուսերեն կամ անգլերեն, ոմանք ճանաչում են ֆիլմերից, բայց մայրենի լեզվով կարդալը բոլորովին այլ փորձառություն է, հատկապես երեխայի համար։ Արդարացի է, որ հայ ընթերցողը նույնպես ունենա այդ հնարավորությունը։ Եվ կրկին շեշտեմ` այս գիրքը սովորեցնում է սիրել և հարգանքով վերաբերվել բնությանը, նկատել գեղեցիկը: Իզուր չէ, որ գիրքը սկսել է հետաքրքրել էկոլեզվաբաններին:
– Գիրքն ի սկզբանե նախատեսված է եղել մեծահասակների համար, բայց այսօր համարվում է ընտանեկան ընթերցանության դասական։ Ինչո՞վ եք դա բացատրում։
– Երեխաներն այն նույնքան սիրեցին, որքան իրենց ծնողները։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ գիրքը ստիպում է սիրել աշխարհը, մարդկանց, բնությունը։ Այն ցույց է տալիս, որ սովորական մողեսը կամ միջատը կարող է նույնքան զարմանահրաշ լինել, որքան ամենահրաշալի արկածները։ Իսկ Դարելների ընտանիքը, իր բոլոր տարօրինակություններով ու վեճերով հանդերձ, շատ սիրառատ ընտանիք է. երեխաները գրքում տեսնում են իրենց, ծնողները՝ իրենց։ Այս գիրքը լավագույնս կարդացվում է միասին՝ բարձրաձայն, երեկոյան, ամբողջ ընտանիքով։
– Ձեր գրառման մեջ մի խոստում կա, որը շատ ծնողների կհետաքրքրի։
– Եթե դուք կամ ձեր երեխաները վախենում եք սարդերից, կարիճներից կամ սարսափելի թվացող ականջմտուկից, անպայման պիտի կարդաք այս գիրքը։ Խոստանում եմ, որ վախին կփոխարինի սերը։ Դարելը նրանց նկարագրում է այնպիսի հիացմունքով ու քնքշությամբ, որ դժվար է այլևս տեսնել նրանց պարզապես որպես զզվելի արարածներ։ Նրանք դառնում են կերպարներ՝ իրենց բնավորությամբ ու պատմությամբ։
– Ինչպե՞ս էր ընթանում աշխատանքը հրատարակչության հետ։
– Շնորհակալ եմ Հռիփսիմե Մադոյանին՝ գրքի թարգմանությունն ինձ վստահելու համար, և «Անտարես» մեդիա հոլդինգի բոլոր աշխատակիցներին, ովքեր խմբագրեցին, սրբագրեցին, շարեցին, ստեղծեցին կազմը և, ի վերջո, ստեղծեցին գիրքը։ Թարգմանությունը միայն սկիզբն է, իսկ գիրքը ծնվում է ամբողջ թիմի աշխատանքով։ Առանձնապես ուրախ եմ կազմի համար. նկարազարդումը, որտեղ տղան նստած է ծովափին իր շան, կրիայի, հավալուսնի և բվի հետ, կարծես հենց գրքի էջերից է դուրս եկել։
– Ի՞նչ եք սպասում ընթերցողներից։
– Սրտի դողով սպասելու եմ նրանց գնահատականին։ Թարգմանիչը միշտ մի փոքր անհանգիստ է՝ արդյո՞ք կարողացել է փոխանցել այն, ինչ ինքն է զգացել բնագիրը կարդալիս։ Ուզում եմ, որ ընթերցողներն այս գիրքը փակեն ժպիտով և մի փոքր այլ աչքերով նայեն իրենց բակում վազվզող մողեսին կամ պատուհանի անկյունում ոստայն հյուսող սարդին։ Իսկ նոր աշխատանքներ, իհարկե, կան, բայց դրանց մասին կխոսենք, երբ լույս տեսնեն։
Զրույցը՝ Սամվել Դանիելյանի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: