Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկ վերադարձել է Հայաստան (PAN.am)

Նիցցայի բժշկական կենտրոններում վերապատրաստված 12 բժիշկ վերադարձել է Հայաստան, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Նախարար Անահիտ Ավանեսյանը, կարևորելով միջազգային փորձի փոխանակումն ու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական բարելավման անհրաժեշտությունը, ընդունել է Ֆրանսիայից վերադարձած բժիշկներին։ Հանդիպման ընթացքում նա մասնակիցներից լսել է համագործակցության արդյունավետության վերաբերյալ գնահատականներն ու կարծիքները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Լազուրե Ափի Հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի և «SOS-Armenie Cote d’Azur» ասոցիացիայի ներկայացուցիչները։ Ծրագիրն իրականացվել է ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ։

Քննարկվել է նաև համագործակցության, մասնավորապես՝ տվյալ ծրագրի ընդլայնման հնարավորությունը։ Նախատեսվել է, որ ծրագրի շրջանակում Ֆրանսիայում մասնագիտական վերապատրաստման հնարավորություն կարող են ստանալ ոչ միայն բժիշկները, այլև առողջապահական քաղաքականություն մշակողները, առողջապահական համակարգի ղեկավարներն ու մենեջերները։

Leave a comment