Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին:
-Արդեն 4-րդ անգամ է անցկացվում Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային փառատոնը։ Ի՞նչ նոր շեշտադրումներ ու գեղարվեստական առանձնահատկություններ ունի այս տարվա ծրագիրը նախորդների համեմատ:
-Երբ 2022 թ.-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, նախաձեռնում էր երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը, նախ և առաջ մեկ խնդիր ունեինք մեր առջև դրված, այն էր՝ Վահագն Ստամբոլցյանի հիմնած երգեհոնային դպրոցի պահպանումն ու շարունակականության ապահովումը: Այո, ընդամենը մի քանի տարի առաջ մեր երգեհոնային արվեստի ապագան մշուշոտ էր ու անորոշ: Ունեինք նվիրյալ երգեհոնահարներ, հիմնականում Վահագն Ստամբոլցյանի սաները, որոնք, չունենալով որևէ կարգավիճակ, փորձում էին նախաձեռնող լինել և իրենց ուժերի չափով ապահովել երգեհոնային արվեստի ներկայությունը Հայաստանում:
Այսօր, փառատոնի շնորհիվ, երգեհոնային արվեստը կրկին հայ մարդու, հայ մշակութասերի կյանքի մաս է: Փառատոնի անուղղակի հետևանքներից է այն, որ հայ երգեհոնահարներից շատերն այլևս ունեն կարգավիճակ և հանդիսանում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մենակատարներ:
Երգեհոնային արվեստով հետաքրքրվողների մեջ էականորեն ավելացել են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, իսկ երաժշտական դպրոցներում բացվում են երգեհոնային դասարաններ: Ինչպես արտահայտվեց փառատոնի հոլանդացի մասնակից Յոշեմ Շուրմանը. «Հիասքանչ է տեսնել այսքան շատ երիտասարդ դեմքեր, որոնք խորապես նվիրված են այս երաժշտությանը։ Դա հույս է ներշնչում երգեհոնի ապագայի համար»։
Փառատոնի շնորհիվ Հայաստանը աշխարհում մեկ այլ բովանդակային ընկալում է ձեռք բերում՝ որպես երգեհոնային արվեստի տարածաշրջանային կենտրոն: Փառատոնը հասցրել է հյուրընկալել համաշխարհային մեծության երգեհոնահարների, և մենք փառատոնի մասնակից լինելու մասին բազմաթիվ նամակներ ենք ստանում աշխարհի տարբեր երկրների երգեհոնահարներից:
Ամեն տարի փառատոնը ներկայացնում է կոնկրետ այդ տարվա մասնակիցների ազգային երգեհոնային՝ ինչպես կատարողական, այնպես էլ կոմպոզիտորական դպրոցը: Դրա շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ծանոթանալու հոլանդական, ֆրանսիական, գերմանական, իսպանական, անգլիական երգեհոնային արվեստի հետ: Այս տարի մեր հանդիսատեսը կըմբոշխնի սերբական, նորվեգական, շվեյցարական երգեհոնային արվեստը: Ինչպես նաև կծանոթանա հայազգի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի երգեհոնային ստեղծագործություններին:
Ավանդույթի համաձայն՝ փառատոնը կբացվի Կոմիտասին նվիրված համերգով: Կկայանա համերգ՝ նվիրված Մակար Եկմալյանի 170-ամյակին, իսկ փառատոնն այս տարի կփակվի Վ. Ա. Մոցարտին նվիրված համերգով: Ինչպես միշտ, օտարազգի երգեհոնահարների կատարմամբ կհնչի հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտություն: Հավելեմ, որ այս տարվա փառատոնի հյուրերն են միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչը (Սերբիա/Նորվեգիա), հայտնի երգեհոնահար և կոմպոզիտոր Գի Բովեն (Շվեյցարիա), ճանաչված երգեհոնահար և դաշնակահար Հիրոկո Ինոյեն (Ճապոնիա/Ռուսաստան):
-Ինչպե՞ս է փառատոնն արտացոլում հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի թողած ավանդույթներն ու տեսլականը ժամանակակից մշակույթի համատեքստում:
-Կարծում եմ՝ կարողացել ենք ստեղծել մի փառատոն, որն իր բովանդակությամբ մաեստրո Վահագն Ստամբոլցյանի թողած ավանդույթների ու տեսլականի կրողն ու տարածողն է: Իսկ շարժիչ ուժը, իհարկե, իր երբեմնի սաներն են, որոնք դասավանդելով կոնսերվատորիայում կամ երաժշտական դպրոցներում կամ ուղղակի իրենց համերգային գործունեությամբ հավատարիմ են մնում վարպետի ուղենշած արժեհամակարգին:
Անշուշտ, երգեհոնային արվեստը ցանկացած արվեստի տեսակի պես կենդանի օրգանիզմ է՝ ենթակա անընդհատ զարգացման ու փոխակերպումների: Վստահ ենք, որ մաեստրոն ինքը կցանկանար, որ իր սաները շարժվեին ներկայիս երաժշտական տենդենցներին և դրսևորումներին համաքայլ, Հայաստանը պահեին համաշխարհային երգեհոնային արվեստի ծիրում՝ իհարկե չխախտելով իր իսկ հաստատած գեղարվեստական ու կատարողական չափանիշները: Փառատոնի բացման համերգը Կոմիտասին նվիրելու ավանդույթը ձևավորել ենք առաջին փառատոնից սկսած: Ավելին, փառատոնը սկսում ենք Կոմիտասի ծննդյան օրը կամ այդ օրվան մոտ օրերին:
Հայտնի է, որ Կոմիտասը մեծ ջանքեր է գործադրել Հայաստանում երգեհոնի հանրահռչակման ու տարածման համար: Բայց պետք է ասեմ, որ միայն Կոմիտասը չէ, որ հնչելու է այդ օրը: Կոմիտասը հայ ազգային դասական երաժշտության հիմնադիրն է, և մենք կարևոր ենք համարել, որ համերգին նաև ներկայացվեն տարբեր ժամանակների հայաստանցի և սփյուռքահայ հեղինակները:
-Ինչպե՞ս է հոգևոր ու ազգային երաժշտությունը համադրվում երգեհոնի բազմաձայնության հետ այս բացման ծրագրում:
-Ի տարբերություն Արևմուտքի, որտեղ ի սկզբանե աշխարհիկ բնույթ ունեցող այս գործիքը սերտորեն կապված էր կաթոլիկ պատարագի հետ, հայկական միջավայրում երգեհոնը հայտնվեց որպես աշխարհիկ գործիք 1960-ական թվականներին: Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգևոր երաժշտությունը ստացավ նոր հնչողություն: Նա երգեհոնի համար մշակեց հայկական եկեղեցական երաժշտությունը, և հայ հանդիսատեսն առաջին անգամ լսեց Կոմիտասի ու Մակար Եկմալյանի ստեղծագործությունները՝ հնչեցված եվրոպական այս հնագույն գործիքի միջոցով։ Սեպտեմբերի 26-ին կայանալիք փառատոնի բացման համերգին ևս մեր հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու Վահագն Ստամբոլցյանի կողմից արված այդ մշակումները:
Բայց երգեհոնն այսօր միայն հոգևոր երաժշտության հետ չէ, որ ասոցացվում է: Աշխարհի մեծ համերգասրահներում այսօր երգեհոնով կատարում են Բախից մինչև ջազ ու կինոերաժշտություն: Եվ մեր բացման համերգին ևս կհնչի ինչպես հայ հոգևոր, այնպես էլ հայ ժամանակակից դասական ու ջազային երաժշտություն: Մասնավորապես կհնչեն Էդուարդ Բաղդասարյանի, Արթուր Ավանեսովի, Գարի Քյոսայանի, Էդուարդ Հայրապետյանի, Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները:
-Ծրագրում ընդգրկված են Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 270-ամյակին նվիրված համերգներ։ Ինչպե՞ս են ընտրվել այս կոմպոզիտորները և ի՞նչ հետաքրքիր մշակումներ կամ կատարումներ են սպասվում հանդիսատեսին:
-Այս տարի լրանում է հայազգի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 85-ամյակը, ով առավելապես հայտնի ու սիրված է իր կինոերաժշտությամբ: Սակայն Թարիվերդիևը ստեղծագործել է նաև այլ ժանրերում և երգեհոնի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: 1999 թվականից Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացվում է երգեհոնահարների՝ Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթը, որը ներկայումս ղեկավարում է կոմպոզիտորի այրին՝ Վերա Թարիվերդիևան: Վերջինիս հետ մենք շատ մտերիմ, գործընկերական հարաբերություն ունենք, և Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության առաջին փառատոնին իսկ տիկին Թարիվերդիևայի ներկայությամբ անդրադարձ եղավ մաեստրոյի երգեհոնային ժառանգությանը:
Այս տարի Հայաստանում նախատեսվում է իրականացնել հոբելյանական միջոցառումների շարք, որոնցից մեկը հենց կկայանա փառատոնի ընթացքում, և Միքայել Թարիվերդիևի երգեհոնային ստեղծագործությունների կատարմամբ հանդես կգա ճապոնացի հայտնի երգեհոնահար Յիրոկո Ինոյեն, որը ներկայումս բնակվում է Ռուսաստանում:
Ընդհանրապես, ծրագրային համերգները փառատոնի արդեն ձևավորված ավանդույթներից են, և տարբեր տարիներին համերգներ են կայացել՝ նվիրված Ավետ Տերտերյանի 95-ամյակին, Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին և այլն: Այս տարի չէինք կարող անտարբեր անցնել մեծագույն հանճարի՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 270-ամյակի կողքով, և փառատոնը կամփոփվի նրան նվիրված հոբելյանական համերգով: Քանի որ Մոցարտը հենց երգեհոնի համար գրված ստեղծագործություններ շատ չունի, կհնչեն նաև Մոցարտի հայտնի ստեղծագործությունները՝ փոխադրված երգեհոնի համար:
-Փառատոնային համերգներ են նախատեսված ոչ միայն Երևանում, այլև Կապանում ու Չարենցավանում: Որքանո՞վ է կարևոր մարզերում երգեհոնային երաժշտության հանրահռչակումը:
-Անչափ կարևորում ենք ոչ միայն երգեհոնային, այլև ընդհանրապես դասական երաժշտության հանրահռչակումը մարզերում, և նախ և առաջ որպես այլընտրանք համացանցային ցածրորակ բովանդակությանը: Փառատոնի գաղափարի մշակման առաջին իսկ օրերից պարտադիր պայման ենք դիտարկել այն մարզերի ներգրավվածությունը, որտեղ երջանկահիշատակ Վահագն Ստամբոլցյանի ջանքերով ժամանակին տեղադրվել էին երգեհոններ: Դրանք են Կապանն ու Չարենցավանը, ուր հանդես են եկել փառատոնի տարբեր տարիների մասնակից՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի մասնակիցները, ինչպիսիք են Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդերլանդներ), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան), Ջոնաթան Սքոթը (Մեծ Բրիտանիա), Պիեռ Քլայներթը (Գերմանիա), Ադրան Հուկը (Նիդերլանդներ):
Եվ տեսնել էր պետք կապանցիների խանդավառ ու շնորհակալ աչքերը, երբ 2022 թ.-ի հոկտեմբերի դժվար օրերին փառատոնն իրենց կողքին էր: Մարդիկ զգում էին, որ ուշադրության կենտրոնում են և մաս են մեկ ընդհանուր մշակութային տիրույթի:
Ուրախ ենք, որ փառատոնը իր ուրույն նպաստն է բերում մշակութային ապակենտրոնացման կարևորագույն գործում՝ հատկապես երիտասարդներին ու երեխաներին հնարավորություն տալով տեղում կենդանի շփվել բարձր արվեստի հետ: Մեծահամբավ երգեհոնահարների ելույթները մարզային երաժշտական դպրոցների սաների համար հսկայական ոգեշնչման աղբյուր, իսկ համերգներին զուգահեռ անցկացվող վարպետության դասերը շնորհալի պատանիների համար մասնագիտական աճի կարևոր լրացում են դառնում: Իսկ այս տարի՝ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ փառատոնին, Կապանում համերգով հանդես կգա Միլկիցա Ռադովանովիչը (Սերբիա/Նորվեգիա), իսկ Չարենցավանում՝ շվեյցարացի երգեհոնահար Գի Բովեն:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: