Կառավարության առաջարկով՝ նախարարների աշխատավարձերի դրույքաչափերը գրեթե կրկնապատկվելու են, իսկ նոր համակարգը տարեկան ավելի քան 25 միլիարդ դրամ լրացուցիչ ծախս է պահանջելու․ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին դիմեց լրագրողը՝ հետաքրքրվելով, թե քաղաքացին ի՞նչ չափելի արդյունք է ստանալու այդ ծախսի դիմաց, ո՞վ և ի՞նչ հրապարակային չափանիշներով է գնահատելու պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը, և եթե պաշտոնյայի աշխատանքի արդյունքները գնահատվեն անբավարար, դա ի՞նչ հետևանք կունենա նրա վարձատրության կամ պաշտոնավարման համար:
Իշխող ուժի ներկայացուցիչներին ուղղված բոլոր հարցերն այդ թեմային էին վերաբերում։
Իշխող ուժի պատգամավոր Տարոն Չախոյանը պատասխանեց․ «Խնդրին սխալ կողմից ենք մոտեցում ցուցաբերում, որովհետև մի շատ պարզ պատճառով՝ բարձրացել է ոչ միայն նախարարների և միայն պետական պաշտոնյաների աշխատավարձը, այլ պետական աշխատողների՝ շուրջ 20 000 աշխատողի աշխատավարձ: Եվ այդ ամեն ինչին զուգահեռ՝ թիրախավորել և մատնանշել, որ բարձրացել է նախարարների, պատգամավորների աշխատավարձը, ես կարծում եմ՝ այդքան էլ ազնիվ չէ, որովհետև իրենցից բացի՝ ևս 20 000 պետական աշխատողի աշխատավարձ բարձրացել է, ու տրամաբանությունը, որպես այդպիսին, շատ պարզ է գործել․ որովհետև բարձրացել է, օրինակ, առաջին կարգի մասնագետների աշխատավարձը, բարձրացել է ավագ մասնագետների աշխատավարձը, իրենց բարձրացած աշխատավարձից կախված՝ բարձրացել է բաժնի պետերի աշխատավարձը, բաժնի պետերի աշխատավարձից կախված՝ բարձրացել է վարչության պետերի աշխատավարձը, վարչության պետերի աշխատավարձից կախված՝ բարձրացել է, օրինակ, նախարարների տեղակալների աշխատավարձը, և, բնականաբար, նախարարի տեղակալի աշխատավարձը չի կարող ավելի բարձր լինել, քան նախարարի աշխատավարձն է, և դրանով պայմանավորված՝ բարձրացել է նաև նախարարի աշխատավարձը: Նախարարի տեղակալի աշխատավարձը չի կարող ավելի բարձր լինել, քան պատգամավորի աշխատավարձը գործակցային մասով, հետևաբար բարձրացել է նաև պատգամավորի աշխատավարձը»:
Մանրամասնեց՝ 20 հազար հոգու մեջ 120-150 հոգի են իշխող ուժը ներկայացնում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ո՞վ և ի՞նչ չափանիշներով է գնահատելու պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը, և ի՞նչ հետևանք կունենա անբավարար գնահատականը․ հարցին անդրադարձավ ՔՊ-ական մյուս պատգամավորը՝ Էդուարդ Աղաջանյանը․ խոստացավ, որ երբ նախագիծը ներկայացվի ԱԺ-ի քննարկմանը, այդ հարցն իրենք էլ կտան կառավարության գործընկերներին։
Էդուարդ Աղաջանյանը՝ մեջբերելով միջազգային փորձը, ընդգծեց, որ աշխարհում կա բացասական կորելացիա աշխատավարձերի չափի և կոռուպցիայի մակարդակի միջև։ Նաև՝ ՀՀ կառավարության նպատակն է սահմանել մրցունակ աշխատավարձեր, որպեսզի պետական համակարգ ներգրավվեն բարձրակարգ պրոֆեսիոնալներ, ինչն էլ կբարձրացնի հանրային ծառայությունների որակը։
Էդուարդ Աղաջանյանը նկատեց՝ մասնավոր ոլորտում տնօրենների աշխատավարձերը հասնում են մինչև 20 միլիոն դրամի, ուստի 1 միլիոն դրամով որակյալ կադրեր ներգրավելը պետական համակարգում լուրջ խնդիր է։ Ասաց՝ վարչապետի աշխատակազմը ղեկավարելու տարիներին ցածր աշխատավարձերի պատճառով կար մեծ կադրային արտահոսք, ինչի պատճառով էլ ժամանակին ներդրվել էր պարգևավճարների համակարգը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ազնիվ Սինգապուրի հետ համեմատությունը, երբ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է, իսկ կենսաթոշակը՝ 36,000 դրամ, և արդյոք նախարարների աշխատավարձը բարձրացնելուն զուգահեռ չեն վերանայվելու նաև դրանք։
Տարոն Չախոյանը նեղսրտեց, որ 2018 թվականից ի վեր նվազագույն կենսաթոշակը 16,000 դրամից բարձրացել է մինչև 36,000 դրամ (ավելի քան 2 անգամ)։ Նա նշեց, որ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերն այդ ընթացքում նույն համամասնությամբ չեն բարձրացել, ուստի բնական է նաև պետական ապարատի վարձատրության վերանայումը։ Հավելեց՝ թոշակառուների համար նաև ներդրվել է անվճար առողջության ապահովագրության համակարգը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրողներից մեկի հարցին՝ ովքե՞ր են հավաքված իշխող թիմում, որ նրանց կոռուպցիայից զսպելու միակ միջոցը աշխատավարձ բարձրացնելն է, և արդյոք թիմում կան մարդիկ, ում մասնավոր ոլորտում 20 միլիոն դրամով աշխատանքի են հրավիրում, ու աշխատավարձ են բարձրացնում, որ նրանք չգնան մասնավոր ոլորտ, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց՝ պետական կառավարման համակարգը չի սահմանափակվում միայն ՔՊ կուսակցականներով, ու ճիշտ չէ հարցը դիտարկել միայն իշխող թիմի պատգամավորներին կամ պաշտոնյաներին աշխատավարձ բարձրացնելու տեսանկյունից։
Տարոն Չախոյանն էլ մասնավոր ոլորտից պետական համակարգ անցնելու օրինակ բերեց ֆինանսների նախկին նախարար Վահե Հովհաննիսյանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: