Քաղաքականություն
22.09.2026 | 14:37
Ռուսաստանցի գործարարներ Միխայիլ Ֆրիդմանի և Ալիշեր Ուսմանովի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցը ԵՄ-ում կասեցվել է Լատվիայի առարկությունների պատճառով, գրում է Current time-ը։
Լատվիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լիգա Երմականեն Leta-ին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ այդ որոշումը դեռևս ԵՄ մակարդակով ընդունման գործընթացում է, և շատ բան կարող է փոխվել, այդ պատճառով ԱԳՆ-ն մինչև «վերջին պահը» չի մեկնաբանի այս հարցում Լատվիայի դիրքորոշումը։
Նախօրեին Reuters-ը հայտնել էր, որ ԵՄ երկրները նախնական համաձայնության են եկել Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու և Ռուսաստանի շուրջ 2700 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցների գործողությունը երկարաձգելու վերաբերյալ։ Ըստ եվրոպացի դիվանագիտական աղբյուրների՝ որոշումը համաձայնեցված էր և պետք է ուժի մեջ մտներ, եթե ԵՄ անդամ երկրներից որևէ մեկը առարկություն չներկայացներ։
Անցած շաբաթ Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկի գործողությունը երկարաձգել ընդամենը մեկ շաբաթով։ Ձգձգումը պայմանավորված էր Սլովակիայի և Ֆրանսիայի ցանկությամբ՝ Ուսմանովին և Ֆրիդմանին հանել պատժամիջոցների ցանկերից։
EUobserver-ի զրուցակիցը ֆրանսիացի դիվանագետների շրջանում Փարիզի՝ Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ցանկությունը բացատրել է «ազգային անվտանգության» հարցով։ Նա նաև հայտարարել է, որ Ելիսեյան պալատը ցանկանում է «դրական արձագանքել Ուսմանովին վերաբերող միջազգային գործընկերների դիմումներին»։
Financial Times-ը գրում է, որ Փարիզը հանդես է եկել Ուսմանովի օգտին՝ Ադրբեջանում պահվող մի քանի Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ Ուսմանովն ու Ֆրիդմանը պատժամիջոցների ցանկերում ներառվել են որպես Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած խոշոր գործարարներ, որոնք մասնակցում են Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորմանը։ Երկու գործարարներն էլ դատարանի միջոցով փորձել են հասնել իրենց նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը։
Euronews-ի տվյալներով՝ Ուզբեկստանի և Ֆրանսիայի իշխանությունները կուլիսային պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն՝ Ուսմանովին կհանեն պատժամիջոցների ցանկից՝ Ֆրանսիայի երկու քաղաքացու ադրբեջանական բանտից ազատ արձակելու դիմաց։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի