Պատրաստ ենք հակահարված տալ Ռուսաստանի կողմից ագրեսիայի դեպքում․ Լիտվայի վարչապետ

Քաղաքականություն

22.09.2026 | 13:49

Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը BBC-ի Newsnight հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Վիլնյուսը Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքների պայմաններում մշակել է տարհանման ծրագրեր, սակայն ընդգծել է, որ հնարավոր հարձակման դեպքում լիտվացիները չեն պատրաստվում հանձնվել։

«[Հարձակման դեպքում] մենք հակահարված կտանք: Մենք կմտնենք պայքարի մեջ»,- հայտարարել է նա։

Վարչապետի խոսքով՝ Լիտվայի բնակիչները Ռուսաստանի կողմից մշտական սպառնալիք են զգում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի՝ Լիտվայի օդային տարածք ներթափանցելու պատճառով։

«Մենք դիտարկում ենք տարբեր սցենարներ, և դրանցից ոչ բոլորն են լայնորեն քննարկվում հանրային մակարդակում։ Մենք բախվում ենք կոնկրետ սպառնալիքների․ գուցե ոչ ամեն օր, բայց մենք դրանք զգում ենք, և մեզ համար դա իրականություն է»,- ասել է Սինկյավիչյուսը։

Լիտվայի վարչապետի հայտարարությունը հնչում է մեկ շաբաթ անց  այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուները խոցել են Լիտվա ներխուժած անօդաչու թռչող սարքը։ Երկրի իշխանությունների տվյալներով՝ անօդաչու սարքն արձակվել էր դեպի Ուկրաինա և շեղվել էր իր ուղուց՝ ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների աշխատանքի հետևանքով։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի

Leave a comment