Մակրոնը Թրամփի հետ Ուկրաինայի ենթակառուցվածքների պաշտպանության հարցն է քննարկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում էներգետիկ օբյեկտներին հարվածների նկատմամբ մորատորիում սահմանելուն ուղղված նախաձեռնությունները։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է X սոցիալական ցանցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք նաև կհամատեղենք մեր ջանքերը՝ Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների նկատմամբ մորատորիումի հասնելու նպատակով։ Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, և մենք պետք է հնարավորինս շուտ սկսենք լուրջ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանների շուրջ»,- հայտարարել է Մակրոնը։

Թրամփի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նրանք համաձայնության են եկել Ուկրաինային օգնելու անհրաժեշտության հարցում՝ ամրապնդելու երկրի պաշտպանությունը։ Նա ասել է, որ դա ներառում է Կիևին լրացուցիչ հակահրթիռային համակարգերի մատակարարումը՝ այն ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու համար։

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նյու Յորքում տեղի է ունեցել նաև Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։

Դրանից առաջ Զելենսկին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների հետ և շնորհակալություն հայտնել նրանց՝ հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքն ընդունելու համար։

«Ես ցանկանում եմ, որ պատժամիջոցները սկսեն գործել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկիի և Մակրոնի հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են անվտանգության և ձմեռային աջակցության փաթեթի հարցերը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը գրել է X-ի իր միկրոբլոգում։ Հանդիպման արդյունքներով նա հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է ԵՄ վարկի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին ձեռք բերել լրացուցիչ SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ։

«Շարունակում ենք աշխատանքը՝ Ուկրաինայում նման ՀՕՊ համակարգերի և դրանց համար նախատեսված հրթիռների արտադրության հնարավորության, ինչպես նաև գործընկերների հետ համատեղ FREYJA հակաբալիստիկ ծրագրի ուղղությամբ։ Ակնկալում ենք առաջին արդյունքներն արդեն այս տարի։ Առավելագույն ջանքեր ենք գործադրում՝ մեր ժողովրդի պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- ընդգծել է նա։

Սեպտեմբերի 22-ից 26-ը Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանը, որին մասնակցում են աշխարհի շուրջ 130 առաջնորդ։ Սպասվում է, որ սեպտեմբերի 22-ին Զելենսկին հանդիպում կունենա նաև Դոնալդ Թրամփի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment