Սիրանուշ Սահակյանը Վաշինգտոնում բարձրաձայնել է հայ գերիների հարցի մասին
Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 14-16-ը Վաշինգտոնում շուրջ երկու տասնյակ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամների, սենատորների, Ներկայացուցիչների պալատի անդամների և նրանց գրասենյակների պատասխանատու ներկայացուցիչների հետ։
Որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ՝ Սիրանուշ Սահակյանը հանդիպումների ընթացքում բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների շարունակական խախտումները։ Մասնավորապես, նա անդրադարձել է ընտանիքների և փաստաբանների հետ կանոնավոր տեսակցությունների բացակայությանը, հյուպատոսական հասանելիության սահմանափակումներին, ինչպես նաև պահման պայմանների և նրանց փաստացի իրավական դրության անհամապատասխանությանը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և Ադրբեջանի ներպետական օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներին։
Սահակյանը ներկայացրել է նաև Բաքվում անցկացված դատավարությունների և կայացված դատավճիռների հետ կապված հիմնարար խնդիրները՝ հատկապես ընդգծելով անձանց պատասխանատվության ենթարկումը՝ առանց նրանցից յուրաքանչյուրին վերագրվող կոնկրետ հանցավոր արարքի, անհատականացված մեղադրանքի և այն հիմնավորող բավարար ապացույցների։
Սիրանուշ Սահակյանը նաև մասնակցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված «Ռազմավարական պաշտպանություն 2026» համազգային միջոցառմանը։Նա իր ելույթում նախ՝ շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին՝ (ANCA) միջոցառման կազմակերպման, ինչպես նաև Արցախի ժողովրդի իրավունքները Վաշինգտոնում օրակարգում պահելու համար։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և խաղաղության օրակարգի առաջմղման ֆոնին Սահակյանը կարևոր է համարել խոսել համապարտությունից տուժած մարդկանց մասին։
«Այն, ինչին մենք ականատես ենք լինում, տրամագծորեն հակասում է խաղաղության խոստմանը։ Խաղաղության համաձայնագիրը չի պարունակում հայ գերիներին ազատ արձակելու կամ Արցախի տեղահանված բնակչության արժանապատիվ վերադարձը երաշխավորելու որևէ հստակ հանձնառություն։ Այն անդրադառնում է անհետ կորածների հարցին, սակայն դրա մանրամասն կարգավորումը թողնում է առանձին համաձայնագրի վրա։ Միևնույն ժամանակ, համաձայնագրի 15-րդ հոդվածը սահմանում է, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում նախկին վեճերին վերաբերող միջպետական գանգատները միջազգային դատարաններից պետք է հետ կանչվեն, մերժվեն կամ այլ կերպ կարգավորվեն։ Այսինքն՝ համաձայնագրով նախատեսվում է հստակ ժամկետ՝ նախկին իրավական գործընթացները դադարեցնելու համար, բայց հայ գերիների ազատ արձակման համար նման հստակ ժամկետ կամ պարտավորություն սահմանված չէ», – ասել է Սահակյանը՝ այն մտահոգիչ համարելով, քանի որ իրավական գործընթացները կարող են ավարտվել, մինչդեռ այդ գործընթացների հիմքում ընկած մարդու իրավունքների խախտումները դեռևս չլուծված մնալ։
Սահակյանը հավաքվածների է ներկայացրել Բաքվում ավարտված «դատավարություններ»-ի ընթացքն ու խնդիրները, խոսել հայ գերիներին առաջադրված մեղադրանքների ու դրանց, երբեմն, զավեշտի հասնող բնույթի մասին։ Նա իր ելույթում անդրադարձել է գերիների տոտալ մեկուսացմանը, ԿԽՄԿ այցելությունների արգելքին ու հյուպատոսական այցելությունների անհրաժեշտությանը․ «Բնականոն դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը պետք է դրդի փոխհամաձայնեցված մեխանիզմների ձևավորմանը՝ այդ թվում երրորդ երկրի միջոցով։
Ընտանիքները բախվում են մեկ այլ արգելքի ևս։ Նրանք չեն կարող այցելել իրենց հարազատներին. հեռախոսակապը կարևոր է, բայց այն չի կարող փոխարինել ծնողին տեսնելուն, զուգընկերոջ ձեռքը բռնելուն և ծերացող մորն անձամբ հանգստացնելուն։ Այս սահմանափակումները մեկուսացնում են գերիներին նրանցից, ովքեր կարող էին պաշտպանել նրանց, ապահովել նրանց բարեկեցությունը ու աջակցել», —նշել է իրավապաշտպանը։
Ամփոփելով իր ելույթը՝ Սահակյանը կարևոր է համարել խաղաղության հանդեպ վստահությունը, որն առանց հակամարտությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության և խնդիրների լուծման դժվար է պատկերացնել․ «Առանց այդ փոփոխությունների՝ մենք ռիսկի ենք դիմում հակամարտությունը հռչակել լուծված՝ միաժամանակ թողնելով, որ տուժած անձինք շարունակեն կրել հակամարտության ծանր հետևանքները»։
Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: