Սաուդյան նավթային Saudi Aramco ընկերությունը հոկտեմբերին հումք չի մատակարարի Եվրոպայի նավթավերամշակման գործարաններին: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Saudi Aramco-ն առնվազն երկու եվրոպական նավթավերամշակման գործարանի տեղեկացրել է, որ հոկտեմբերին նավթ չի մատակարարելու՝ Կարմիր ծովի ափին երկրի առանցքային նավթամուղի վրա տեղի ունեցած հարձակման պատճառով։ Ընկերության այս որոշումը «վերաբերում է եվրոպական բոլոր հաճախորդներին»։
Saudi Aramco-ն առայժմ չի հաստատել այս տեղեկությունը։
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի կարևորագույն «Արևելք-Արևմուտք» նավթամուղը ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով դրա աշխատանքը դադարեցվել էր։ Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախատեսվում է նավթամուղի աշխատանքը մասամբ վերականգնել մի քանի օրվա ընթացքում, իսկ ամբողջությամբ՝ մոտ մեկուկես ամսում։
«Արևելք-Արևմուտք» նավթամուղը, որի թողունակությունը կազմում է օրական շուրջ 7 մլն բարել, իսկ երկարությունը՝ 1200 կմ, օգտագործվում էր սաուդյան նավթը Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգիստ հասցնելու համար։ Այնտեղից նավթը մատակարարվում է հաճախորդներին՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։
Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վնասվել են այս նավթամուղը սպասարկող երկու պոմպակայաններ։