Հասարակություն
22.09.2026 | 10:55
Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով 2024 թվականի վճիռը։ Դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո անվավեր կճանաչվեն «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ին 2008 թվականին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում 10 հազար քմ հողամասի օտարման վերաբերյալ որոշումն ու գործարքը, և հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։
«Գլխավոր դատախազության բողոքը, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին, Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է. Վարչական դատարանի՝ 2024 թվականի մարտի 11-ի վճիռն ամբողջությամբ բեկանվել է և փոփոխվել:
Գլխավոր դատախազության հայցի հարուցման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի՝ «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասը ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարելու մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ, ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարվել է 10000 քմ մակերեսով հողամաս, որը գտնվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տիրույթում և օտարման ենթակա չի եղել:
Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, որպես հետևանք, անվավեր կճանաչվեն նաև Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշման լրացումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերության միջև 2008 թվականի մայիսի 29-ին կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրը, ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը, և «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը: