Երբ կատարելությունը մանրուք չէ

Վերջին տասնամյակում, գեղարվեստական ցուցահանդեսներում, հատկապես խմբակայիններում հոգեւոր թեման այս աստիճան վառ ու շատ արտահայտված չէր, ինչպես այս մեկ տարվա ընթացում, հայ գեղանկարչի վրձինը այս առումով նոր վերելք է արձանագրում, նոր ասելիքով ներկայացնում հայոց հավատն ու եկեղեցին, ավետելով ու հրամայական դնելով լույսի հաղթանակի ճանապարհին։ Հոգեւոր վերելքի ու ներքին խաղաղության զգացումներն են պատում դիտելով Հասմիկ Քարափուլյանի գեղանկարչական աշխատանքները, ուր պրոֆեսիոնալիզմի բարձրագույն նոտան այնքան գրագետ է հնչում իր գունաձեւերի հստակության ու սյուժեների կառուցվածության մեջ, որ ամեն աշխատանքի մեջ տեսնում ես նկարչի ձեռքն ու նրա վարպետությունը։ Նկարչուհին եկեղեցիների ջրաներկ աշխատանքների շարք է ներկայացրել իր «Հայոց Սուրբ Տաճարներ» ցուցահանդեսում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սեւակի անվան թանգարանում, ուր շուրջ մեկ ամիս է՝ ընթանում է երիտասարդ նկարչուհու անհատական ցուցահանդեսը, որը նրա իսկ բառերով հայոց տաճարների լռության, լույսի ու հավերժության մասին է։ Հնամենի եկեղեցիների, համալիր տաճարային կառույցների, վեմերի ու գավիթների, դռների ու զանգակատների պատկերները դիտողին են ներկայանում վրձնաղոթքի վերածված նրբահյուս հպումներով, ուր ջրաներկի ողջ երփներանգը Հասմիկի հոգու, նկարչուհու գաղափարների ու զգացումների միաձույլով տալիս է ոչ միայն պրոֆեսիոնալ գեղանկարչական անթերի աշխատանքների պատկերում, այլ հոգեւոր լիցք, նկարչուհու մենավոր զրույցն է սա վերերկրայինի, նրան ուղղված հազարավոր աղոթքների ու մրմունջների խտացումն իրենց քարերի ու պատերի մեջ պահած եկեղեցաց պատկերներում, նրանցից յուրաքանչյուրը մի շշուկ է, ուր կա լույս, մեղեդի ու բույր։ Սա զգացմունքի փոխանցման գագաթնակետն է, որը հաջողվել է Քարափուլյանին, նրա հոգեւոր հարուստ տեսակ լինելու բացառիկության շնորհիվ նաեւ։ Նրա զգայուն վրձինը կարծես շարժվում է Միքելանջելոյի այն մտքի պատգամով, որ «Կատարելությունը մանրուք չէ, բայց մանրուքներն են ստեղծում կատարելություն»։ Ամեն ստեղծագործություն մի քարե, խոսող դիմանկար է հրաշալիորեն ու մանրակրկիտ վրձնած իր ուրույն ճարտարապետական ձեւ ու ոճի մեջ, օրվա տարբեր ժամերի լույսի ներքո, կենդանի ու շնչող, ապրեցնող ոգեղենությամբ շաղախված։ Նկարչուհու նուրբ վրձինը փոխանցում է ժամանակի փորձությունները հաղթահարած հոգեւոր կառույցների հավերժության ոգին, նրանց ամեն ինչի միջով անցած, բայց իրենց լինելությամբ հաղթանակած փաստը, որտեղ միշտ նորոգվում ու վերածնվում է բարին…

–Մասնագիտական առումով բազմապրոֆիլ լինեը դժվա՞ր գործ է։

–Մասնագիտությամբ լրագրող եմ, բայց երբեք չեմ աշխատել իմ մասնագիտությամբ, ուստի կդժվարանամ այդ մասին հստակ արտահայտվել։

–Ինչո՞ւ հատկապես եկեղեցիներ, ի՞նչն էր առաջնային գրավում այդ կառույցները նկարելիս, հոգեւո՞ր, թե՞ ճարտարապետական կողմը։

–Իմ աշխտանքները սահմանափակված չեն միայն եկեղեցիներով։ Դրանցում տեղ են գտել ե՛ւ քաղաքային պեյզաժներ, ե՛ւ վինտաժ իրեր, տարազներ եւ նույնիսկ՝ դիմանկարներ։ Ջրաներկի միջոցով փորձում եմ փոխանցել ոչ միայն մեր վանքերի ճարտարապետությունը, այլեւ այն լույսը, խաղաղությունն ու խոր զգացողությունը, որը ես ապրում եմ այդ վայրերում։

–Ուզում եմ խոսենք զգացումների մասին, նկարել սկսելու որոշման մասին, ինչո՞ւ եւ ինչպե՞ս եղավ։

–Ես միշտ ստեղծագործ երեխա եմ եղել։ Փոքրուց անընդհատ ինչ–որ բաներ էի պրպտում, գտնում, ստեղծում։ Նկարելը կյանքիս մեջ մտավ պատահաբար, մի փուլում, երբ ներսումս նորից արթնացավ ստեղծելու կարիքը։ Սկզբում նկարում էի միայն ինձ համար, հետո գործերս սկսեցի կիսել սոցիալական ցանցերում ու յուրաքանչյուր արձագանք նոր ուժ էր տալիս այն շարունակելու։ Փոքր ժամանակ երբեք չեմ մտածել նկարչի ճանապարհի մասին, բայց կյանքը կարծես հենց այդ ճանապարհն էր ինձ համար ընտրել։

–Գիտեմ, որ ունես քո խրախուսողն ու քո մեծ քննադատը, հայրդ՝ Հայկ Քարափուլյանը, ով լինելով պրոֆեսիոնալ նկարիչ, ամենակարեւոր խորհուրդը, որ տվել է, ո՞րն է եղել, hե՞շտ է ստեղծագործել մասնագիտական աչքի հսկողության տակ։

–Հայրս շատ սուր աչք ունի եւ միանգամից նկատում է թերությունները։ Այդ պատճառով նոր գործերս նրան ցույց եմ տալիս միայն այն ժամանակ, երբ արդեն դրանք ավարտին եմ հասցրել։ Թեեւ շատ դեպքերում որոշ նյուանսների հարցում նույն կարծիքին չենք լինում, բայց եթե որեւէ աշխատանքս հավանում է, ուրեմն գիտեմ, որ այն հաստատ ստացված է։ Հայրիկիս ամենակարեւոր խորհուրդը միշտ մեկն է՝ եթե ինչ-որ բան չի ստացվում, պետք է նորից փորձել ու ավելի համարձակ լինել։

–Մասնագիտությամբ լրագրող եք, իսկ նկարչական կրթություն ստացե՞լ եք։

–Ակադեմիական նկարչական կրթություն չեմ ստացել։ Իմ ուղին եղել է ինքնուս՝ փորձի, սխալների ու մշտական ստեղծագործելու միջոցով։ Կարծում եմ, որ իմ նկարչական ճաշակի եւ հմտությունների ձեւավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաեւ այն միջավայրը, որում մեծացել եմ։

–Ռեալիստական ոճի նախընտրությունը ինչո՞վ է պայմանավորված։

–Ռեալիստական ոճի նախընտրությունս ձեւավորվել է երկարատեւ դիտարկման, շարունակական փորձի եւ մանրուքների նկատմամբ ուշադրության շնորհիվ։ Ինձ համար կարեւոր է ոչ միայն ձեւի ճշգրտությունը, այլ նաեւ լույսի, ստվերի ու տրամադրության փոխանցումը։

–Այս ցուցահանդեսի միտքն ինչպե՞ս հղացավ եւ ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար, քանի որ վայրը, որտեղ ցուցադրվում են Ձեր ստեղծագործությունները, ոչ սովորական է, Ձեր ո՞րերորդ ցուցադրությունն է։

–Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունից առաջարկ ստանալն ինձ համար մեծ պատիվ էր, որին համաձայնեցի ուրախությամբ ու պատասխանատվությամբ։ Այս ցուցադրությունը ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի. նախ՝ քանի որ այն իմ առաջին անհատական ցուցահանդեսն է եւ երկրորդ՝ Մայր Աթոռի «Ռուբեն Սեւակ» թանգարանում մեծանուն նկարիչների աշխատանքների կողքին ցուցադրվելը, կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետի համար մեծ ձեռքբերում եւ հպարտություն է։

–Հերթական ստեղծագործությունդ ո՞րն է լինելու, արդեն ունես էսքիզները եւ ի՞նչ ասելիք կա, որ ցանկանում ես արվեստի ու գեղարվեստական արտահայտչամիջոցով փոխանցել մարդկանց։

–Այժմ պատրաստվում եմ իմ երկրորդ անհատական ցուցահանդեսին, որը նվիրված է իմ ծննդավայրին՝ իմ սրտի քաղաք Երեւանին։ Այս շրջանում ամբողջովին ներգրավված եմ Երեւանին նվիրված աշխատանքների ստեղծման գործընթացում։

Շուտով՝ փետրվարի 16-ին կկայանա նաեւ «Երեւանն ու իր գույները» ցուցահանդեսը, «Նարեկացի» արվեստի միությունում։

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment