Սեպտեմբերի 18-20-ը Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում անցկացվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Կարպուշ Մելիքյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 15-րդ միջազգային հոբելյանական մրցաշարը։ Մարզական այս կարևոր միջոցառումը համախմբեց շուրջ 250 պատանի ըմբիշների Հայաստանից, Վրաստանից և Ղազախստանից։ Մրցաշարի հիմնական նպատակն է խթանել պատանի մարզիկների մասնագիտական աճը, նպաստել ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանը և ամրապնդել միջազգային մարզական համագործակցությունը։
Հուշամրցաշարի հիմնադիրներն են Ռազմիկ Գոլեցյանի որդին՝ Ռաֆիկ Գոլեցյանը, և Կարպուշ Մելիքյանի թոռը՝ Շահեն Մելիքյանը։ Նրանց նախաձեռնությամբ և ջանքերով տարիներ շարունակ անցկացվող մրցաշարը վերածվել է մարզական կարևոր ավանդույթի՝ մեկտեղելով երիտասարդ մարզիկներին, մարզիչներին և ըմբշամարտի ոլորտի ներկայացուցիչներին։ Մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Կարպուշ Մելիքյանի ընտանիքի անդամները, մարզաշխարհի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։
Հոբելյանական մրցաշարը ևս մեկ անգամ ընդգծեց ազատ ոճի ըմբշամարտի զարգացման, երիտասարդ սերնդի մարզական ներուժի բացահայտման և մարզական ավանդույթների պահպանման կարևորությունը։
Սեպտեմբերի 20-ին կայացավ հուշամրցաշարի փակման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Եռօրյա մրցելույթների արդյունքում լավագույն մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով։ Մրցաշարի ընթացքում հաղթողները որոշվեցին 10 քաշային կարգերում։ 45 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճեց Գորիսի ներկայացուցիչ Արտյոմ Մարգարյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Արտաշատի մարզիկ Արման Աղաբեկյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ալեքս Ղազարյանը (ՕՀՔ) և Արսեն Զաքարյանը (Արտաշատ)։
48 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Մարմաշենի ներկայացուցիչ Խաչիկ Թորոսյանը։ Արծաթե մեդալը նվաճեց Արտավազդ Խոսրովյանը (ՕՀՔ), իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Տիգրան Առաքելյանը (ՕՀՔ) և Արման Մուրադյանը (Արտաշատ)։
51 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Արտաշատի ներկայացուցիչ Էրիկ Ղազարյանը։ Երկրորդ հորիզոնականում Գեղամ Հովսեփյանն էր (Լանջազատ), իսկ երրորդ տեղը կիսեցին Ալեն Մկրտչյանը (Այնթապ) և Գնել Եղոյանը (Մարմաշեն)։
55 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Ղազախստանի ներկայացուցիչ Ահմեդ Ժանատանը։ Արծաթե մեդալակիր դարձավ Գառնիի ներկայացուցիչ Աշոտ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալները նվաճեցին Երիմբետ Նուրբոլը (Ղազախստան) և Գիորգի Կարելին (Վրաստան)։
60 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Լանջազատի ներկայացուցիչ Տիգրան Կոլոտյանը։ Երկրորդ տեղում Արտաշատի մարզիկ Վալոդյա Պետրոսյանն էր, իսկ երրորդ տեղերը գրավեցին Նուրսատ Կուսպանովը (Ղազախստան) և Արեն Միրզոյանը (ՕՀՔ)։
65 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Վանաձորի ներկայացուցիչ Համլետ Անտոնյանը։ Արծաթե մեդալը նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Բեկմուրատ Բայբակը, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Գրիգոր Սահակյանը (Գյումրի) և Շավարշ Հարությունյանը (Գառնի)։
71 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժակիպբեկ Նուրիսլամը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Գյումրիի ներկայացուցիչ Էրիկ Պապիկյանը, իսկ երրորդ հորիզոնականում ավարտեցին Վրաստանի ներկայացուցիչներ Լուկա Ինաջեշվիլին և Ցինամ Դգվիաշվիլին։
80 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճեց ՕՀՔ-ի ներկայացուցիչ Մելսիկ Եզոյանը։ Արծաթե մեդալակիր դարձավ Արտաշատի մարզիկ Սարգիս Հարությունյանը, իսկ բրոնզե մեդալները նվաճեցին Շամշիև Էրասլին (Ղազախստան) և Գիորգի Օդիշելիձեն (Վրաստան)։
92 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց ՕՀՔ-ի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանը։ Երկրորդ հորիզոնականում Վեդիի ներկայացուցիչ Մերուժան Քոչարյանն էր, իսկ երրորդ տեղերը գրավեցին Ռազմիկ Բարսեղյանը (Արտաշատ) և Տարիել Դանելիան (Վրաստան)։
110 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Զալի Գավաշելին։ Արծաթե մեդալը նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Ամանբեկ Նուրիսլամը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Ջրվեժի ներկայացուցիչ Ռադիկ Սահայանը։
Մրցաշարն անցկացվեց բարձր կազմակերպվածությամբ՝ մեկտեղելով պատանի մարզիկների մրցակցային ոգին, կամքը և մարզական ընկերությունը։ Հոբելյանական մրցաշարը ևս մեկ անգամ ընդգծեց Կարպուշ Մելիքյանի թողած մարզական ժառանգության կարևորությունը՝ այն փոխանցելով նոր սերնդին և խթանելով երիտասարդ ըմբիշների ձգտումը դեպի նոր հաջողություններ։
Լուսանկարները՝ Կարպետ Սահակյանի
Վովա Արզումանյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: