Վարչապետն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր եղբայրների և քույրերի հիշատակը
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ անկախության 35-ամյա հոբելյանի առթիվ հանդես գալով ելույթով, հայտարարել է, որ անկախությունն ամենակարևոր բանն է, ինչն այսօր մենք միասին ունենք։
«Որովհետև մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը, մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը, պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության, անվտանգության հեղինակն ու երաշխավորը», – ասել է նա։
Վարչապետն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր եղբայրների և քույրերի հիշատակը։
«Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանը բարձրանա, նրանք զոհվեցին, որ Հայաստանն ապրի, և այսօր Հայաստանի Հանրապետությունն ապրող պետություն է, կյանքի պետություն, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին», – ընդգծել է նա։
Փաշինյանը համոզված է պետության պաշտպանության ճանապարհով շարունակելու անհրաժեշտության մեջ՝ առաջնորդվելով պետության հավերժության տեսլականով։
«Ու մենք պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու ա՛յս ճանապարհով, մենք պետք է առաջնորդվենք մեր պետության հարատևության տեսլականով, եւ պետությունը, անկախ պետությունն այլևս երազանք չպետք է լինի մեզ համար, այլ մեր երազանքների իրագործում։ Շուրջ 500 տարի մենք երազել ենք անկախ պետության մասին և այսօր տոնում ենք մեր երազանքի իրականացումը եւ արձանագրում ենք, որ մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությու՛նն է մեր երազանքների հայրենիքը, եւ մենք այս հայրենիքը ծաղկեցնելով, զարգացնելով, այն ավելի անկախ, ավելի ուժեղ, ավելի արդար, ավելի ազատ, ավելի բարեկեցիկ, ավելի ժողովրդավարական, ավելի խաղաղ, ավելի անվտանգ, ավելի համերաշխ, ավելի ինքնիշխան դարձնելով՝ այն պետք է փոխանցենք սերնդեսերունդ։ Այլևս երբեք չպետք է լինի 500 կամ հինգ կամ մեկ տարի, որ մենք երազենք անկախության ու պետության մասին, այլևս ամեն տարի, ամեն օր մենք պետք է ավելի լավ սովորենք՝ ինչ է նշանակում և ինչ է ենթադրում ունենալ պետություն, պետք է ավելի լավ սովորենք ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում լինել քաղաքացի», – հայտարարել է նա։
Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է ամեն տարի սովորել, թե ինչ է նշանակում պետություն ունենալ և ինչ է նշանակում քաղաքացի լինել։
Նա նշել է նաև, որ ՀՀ-ում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն դա հիմք չի տալիս պետությունն ավելի քիչ սիրելու․
«Ընդհակառակը, ցանկացած լուծված խնդիր, իր հետ բերում է նոր խնդիրներ, եւ այս շարժընթացը չունի վերջ եւ չունի ավարտ։ Հենց այս շարժընթացն է, որ բերում է զարգացման ու առաջընթացի, որ բերում է վերելքի, եւ պետության վերելքը, նոր որակի պետություն ունենալը, պետության հարատեւությունը՝ ամեն օր իրար հետ մեր լուծելու առանցքային խնդիրն է։Եւ այսօր այստեղ ենք արձանագրելու, որ մենք պետության տեր եւ քաղաքացի լինելու անսասան ու վճռական կամք ունենք, որ մեր պետությունը մեր հայրենիքն է, հայրենիքը պետությունն է, եւ մենք սիրում ենք մեր պետությունը, մենք սիրում ենք մեր հայրենիքը», – ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը՝ ինչպես ինքն իրեն։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն եւ գիտակցի, որ քաղաքացին պետությունը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունն ապահովելու համար։Այս նպատակին է այլեւս ծառայում պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով այն գիտակցությամբ, որ պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն, քաղաքացին պետք է ուժեղացնի պետությանը», – նշել է նա։