«Ես պարոն Վարդևանյանի նման չէի պատասխանի, որ մենք անընդհատ սխալվում ենք, սխալվելու իրավունք ունենք, ջահել ենք ։ Սխալվելու իրավունք իրոք բոլորս ունենք, բայց մի բան է սխալվելը, մի բան է՝ սահմանը չճանաչելը», – ՀՀ Անկախության օրը «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
Իր գնահատմամբ, յուրաքանչյուր մարդու համար, առավելապես կյանքի ամենամեծ իշխանություն ունենալու փուլում, սահմանը ճանաչելն է կարեւոր․ «Քո առջև դնես սահման ու այդ սահմանը ճանաչես։ Եթե մենք մեզ դաստիարակենք, մենք չենք ունենա այն հասարակությունն ու այն մտածողությունը մեծամասնության մեջ, ինչ որ այսօր ունենք։ Երկու օր առաջ նորից հայտնվեց TikTok-ում տեսանյութը, երբ որ երրորդ հանրապետության նախագահի մոտ քննարկվում է, և Վերահսկիչ պալատի նախագահն, որ զեկույց էր գրել՝ Իշխան Զաքարյանը, պայմանական թիվ եմ ասում՝ 7 միլիոն․․․ նախագահն ասում է․ «Իշխա՛ն, միլիարդ-միլիարդ, դու պատկերացնո՞ւմ ես՝ դա ոնց ա հնարավոր ուտել»։ Սահմանը չեք ճանաչում, պատմությունը ցույց տվեց՝ ամեն ինչ էլ հնարավոր է։ Երբ որ կարողանաք այդ սահմանը պահեք՝ լսարանում կլինես, որպես դասախոս, քննիչ կլինես, դատախազ կլինես, դատավոր կլինես, բժիշկ կլինես․ դու քո սահմանը որ դնես, սահմանը պահպանես, դու չես ծնի այն հասարակությունը, այն չարացած հասարակությունը, որը որ այսօր մենք ունենք»։
Արթուր Ղամբարյանը ամբողջական չի կիսում նաև Արամ Վարդևանյանի մոտեցումը, որ մենք մարդասեր ժողովուրդ ենք․ «Մենք հայասեր չենք․ եթե նույնիսկ մարդասեր ենք, մենք առաջին հերթին պիտի դառնանք հայասեր։ Եվ դառնանք հայասեր, սոցիալական ցանցերում դա կնկատվի, որ մենք հայասեր ենք, հային հարգում ենք, հետո էլ կդառնանք միգուցե մարդասեր, կամ երևի թե կանք որպես մարդասեր»։
Սահմանն անցնող սխալվելը Արթուր Ղամբարյանը չի արդարացնում․ «Այսօրվա իշխանությունները բարոյական սահմանը չեն պահում, էթիկական սահմանը չեն պահում, հոգևոր սահմանը չեն պահում, ստի ու ճշտի սահմանը չեն պահում։ Մենք մոլորված ենք այսօր, չգիտենք՝ որն է ճիշտ, որն է սուտ»։
Մանրամասները՝ տեսանյութում՝
Անդրադառնալով բուն սահմանադրական փոփոխություններին էլ՝ ասաց․ «Ազգային ժողովի կազմում իշխող քաղաքական ուժը չունի այսպես կոչված սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ երկու երրորդ, որը որ նոր սահմանադրությունը կդնի հանրաքվեով։ Հուսով եմ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերից չեն հայտնվի այնտեղ։ Կուզենայի, որ պարոն Վարդևանյանը մի ձևով վստահ հաստատեր, որ մենք բոլորս շատ վստահ լինենք այդ հարցի վերաբերյալ»։
Այնուհանդերձ, եթե լինի իրավիճակ, որ իշխող ուժին հաջողվի հանրաքվե իրականացնել, Արթուր Ղամբարյանն առաջարկում է՝ պատրաստ լինել հետևյալ սցենարին․ «Եթե դուք հետևել եք խոսակցություններին այդ քաղաքական իշխանության, կնկատեք, որ վկայակոչվում է հետևյալը՝ «ժողովուրդը իշխանության տերն է»։ Մոտավորապես սա են ուզում ասել․ նույնիսկ եթե երկու երրորդ չի ունենա Ազգային ժողովը, բայց եթե ժողովուրդը կպահանջի (օրինակ՝ 300 000 ձայնով), մենք սահմանադրությունը կդնենք հանրաքվեի։ Ժողովուրդը սահմանադիր ուժ է միայն հեղափոխությունների ժամանակ, երբ որ դու կարգ ես փոխում, ասենք՝ միապետականից, արիստոկրատական կարգից անցնում ես երրորդ դասակարգին, բերում ես նոր իշխանություն, ժողովուրդը սահմանադիր ուժ է հանդես գալիս և ոչնչով սահմանափակված չէ։ Մնացած դեպքերում, ես ձեզ վստահեցնում եմ, ժողովուրդը ունի սահմաններ։ Այդ սահմանը ինքը դրել է իր համար, երբ որ ընդունել է սահմանադրություն և ասել է․ «Ես նոր սահմանադրություն կընդունեմ, եթե սահմանադրությամբ սահմանված կարգով ինձ դիմում է Ազգային ժողովը»։ Սահմանը հետևյալն է՝ Ազգային ժողովը պետք է դիմի ժողովրդին, նոր ժողովուրդը իրավասու կլինի նոր սահմանադրության ընդունման հարցը քննարկելու։ Ձեր ուղեղից հանեք այն կեղծ կատեգորիան, որ ժողովուրդը իշխանության աղբյուրն է և ոչնչով սահմանափակված չի։ Լավ է հնչում, սիրուն է հնչում, դուք ձեզ ժողովրդի մաս եք կազմում, բայց դա նախ սահմանադրության հետ առնչություն չունի, երկրորդն էլ՝ շատ վտանգավոր կոնցեպցիա է, երբ որ մենք ժողովրդին ասենք, որ դու ոչնչով սահմանափակված չես»։
Մանրամասները՝ տեսանյութում՝
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: