Ո՞վ կլինի Աբովյանի հաջորդ քաղաքապետը

46 համայնք, 3 ընտրական օր և մեկ հարց՝ ովքե՞ր կտնօրինեն մեր քաղաքների բյուջեներն ու ապագան առաջիկա 5 տարում։ 2026-ի այս աշունը վճռորոշ է դառնալու Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքների համար։ Հանրապետության մարզկենտրոնների մեծ մասում՝ Վանաձոր, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր, Իջևան և ռազմավարական նշանակություն ունեցող խոշոր համայնքներում՝ Գորիս, Մեղրի, Դիլիջան, Ստեփանավան, Մարտունի, Վարդենիս, Արթիկ, Վայք, Ջերմուկ, Ծաղկաձոր, նշանակված են ՏԻՄ ընտրություններ, որոնք կա՛մ կամրապնդեն գործող համայնքապետերի դիրքերը, կա՛մ կբերեն ամբողջական իշխանափոխության։

Ի՞նչ սպասել ընտրական այս ալիքից, որո՞նք են լինելու ամենաանզիջում ճակատամարտերը, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «խաչակրաց արշավանք» է սկսել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Ու ինչպես ինքն է ասում՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, կոռուպցիոներն էլ, ովքեր հարստացել ու բարգավաճել են պետության հաշվին «յոթը պորտով», պետք է պատասխան տան օրենքի ու արդարադատության առաջ։ Մինչդեռ ոչ բոլորն են անցնում իշխանության արդարադատության մաղով, և բոլորի համար չէ, որ օրենքը հավասար է։ Այս իմաստով տարակուսելի է, որ մի շարք համայնքային իշխանիկներ՝ մերօրյա «բդեշխներ», բազում սկանդալային բացահայտումների ու հրապարակումների ֆոնին անգամ շարունակում են «պլստալ» թավշյա Հայաստանում՝ լուրջ չվերաբերվելով հարուցված քրեական գործերի ու դրանց հետագա ճակատագրի վրա։

Այդպիսի օրինակներից է Աբովյանի՝ նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։
Աբովյան խոշորացված համայնքի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 5-ին, և քանի որ ՏԻՄ մարմինների լիազորությունների ժամկետը 5 տարի է, գործող ավագանու և համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի լիազորությունների պաշտոնական ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերին։ Աբովյանի ընտրությունները ներառված են 2026 թվականի աշնանային ընտրական գործընթացների մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով։ Սրանով իշխող ուժը հերքել է կուլիսային այն խոսակցությունները, թե հնարավոր է աջակցի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին՝ Գորիսի օրինակով։

Սակայն քաղաքական կուլիսներում ակտիվորեն խոսում են այն մասին, որ Էդուարդ Բաբայանը «լուծել է հարցերը»։ Ամեն դեպքում, իր մտերիմ շրջապատում նա հայտարարել է, որ «առաջինի (Նիկոլ Փաշինյանի) «դաբրոն» ունի» և դրան հասել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ պատգամավոր Արայիկ Հարությունյանի, նախկին մարզպետ Ահարոն Սահակյանի, նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի «գործուն ջանքերով»։

Մեկ այլ վարկածի համաձայն էլ, ՔՊ-ում պաշտոնապես քննարկվում է Հովհաննես Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։ Վերջինս Հրազդանի անտառտնտեսության տնօրենն է։ Խոսակցություններ կան, որ ՔՊ-ում երրորդ թեկնածուի շուրջ էլ են ներկուսակցական քննարկումներ ընթանում։ Կմասնակցի՞ ԲՀԿ-ն այս ընտրություններին՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի տակ գտնվելու և կուլակաթափ լինելու փուլում՝ դեռ հայտնի չէ։ ԲՀԿ-ի այլ ներկայացուցչի առաջադրման մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել, իսկ կուլիսային խոսակցությունները բավական զգուշավոր են։

Աբովյանի քաղաքապետի միլիոնները. որտե՞ղ է ավարտվում հայտարարագիրը, և որտե՞ղ է սկսվում քրեական պատասխանատվությունը Աբովյանում տարիներ շարունակ նույն հարցն է կախված օդում․ ինչպե՞ս կարող է ժամանակին ընդամենը Գագիկ Ծառուկյանի «ախռանիկից» քաղաքապետի աթոռին նստած անձը կարճ ժամանակում կուտակել հսկայական ունեցվածք և տիրապետել միլիոնավոր դրամական միջոցների։ Եթե Հայաստանում հայտարարված է կոռուպցիայի դեմ պայքար, ապա վաղուց պետք է իրավապահների ուշադրության կենտրոնում լիներ հանգամանքը՝ որտեղի՞ց Էդուարդ Բաբայանին 10 անշարժ գույք և միլիոնավոր դրամական միջոցներ։

Պաշտոնը ստանձնելու պահին Էդուարդ Բաբայանի հայտարարագրում նշված է եղել ընդամենը մոտ 371 հազար դրամ եկամուտ։ Միևնույն ժամանակ նրա դրամական միջոցների ցանկում արդեն առկա էին խոշոր գումարներ՝ 101 մլն 235 հազար դրամ, 400 հազար 530 ԱՄՆ դոլար, 100 հազար 540 եվրո, 1 մլն 69 հազար ռուսական ռուբլի։

Պարզ հարց է առաջանում․ ո՞ր օրինական եկամուտներով է ձևավորվել այս կապիտալը։
Ապօրինի առանձնատուն, որը հետո դարձավ «օրինական»։

Մամուլը տարիներ առաջ անդրադարձել էր Բաբայանի Աբովյանի առանձնատան պատմությանը։

Ըստ հրապարակումների՝ 2012–2016 թվականներին կառուցվել է 931.5 քմ բնակելի տուն, 139.1 քմ ավտոտնակ, ինչպես նաև 59.8 քմ պարիսպ՝ առանց անհրաժեշտ իրավական ձևակերպումների։ Սակայն, 2018 թվականի մարտին քաղաքապետարան դիմելուց հետո այդ ամբողջ ինքնակամ կառուցապատումը մեկ գրչի հարվածով օրինականացվել էր համայնքապետի որոշմամբ։

Այսինքն՝ այն, ինչ կառուցվել էր ապօրինի, վարչական որոշմամբ դարձել էր օրինական։

Հարց է առաջանում․ ո՞վ և ինչ իրավական հիմնավորմամբ է օրինականացրել նման ծավալի ինքնակամ շինարարությունը։

Հրապարակումների համաձայն՝ Բաբայանը նաև կառուցապատում էր իրականացրել համայնքին պատկանող հողամասում։ Սակայն, փոխարենը պատասխանատվության ենթարկվելու, կառուցված շինությունը ճանաչվել էր համայնքի սեփականություն, իսկ հետո հենց Բաբայանին տրվել էր այն գնելու նախապատվության իրավունք։

Սա ևս պահանջում է իրավական գնահատական՝ արդյո՞ք պահպանվել են համայնքային գույքի օտարման օրենքով սահմանված ընթացակարգերը։ Ուստի էլի հարց է առաջանում․ հիմա կոռուպցիայի դեմ պայքա՞ր է ընթանում, թե՞ այնուամենայնիվ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։

Այս պատմությունը նոր չէ։ Նորն այն է, որ տարիներ անց այն շարունակում է մնալ առանց վերջնական իրավական հանգուցալուծման։

Եթե մեկ պաշտոնյայի՝ տվյալ դեպքում նույն Էդուարդ Բաբայանի դեպքում կան հարցեր եկամուտների, գույքի, ինքնակամ շինարարության և համայնքային հողի օգտագործման վերաբերյալ, ապա հասարակությունն իրավունք ունի ստանալ ոչ թե քաղաքական հայտարարություններ, այլ հստակ պատասխաններ։ Արդյո՞ք պատշաճ քննություն է իրականացրել և արդյո՞ք ստուգվել է Էդուարդ Բաբայանի ունեցվածքի և եկամուտների համապատասխանությունը։ Տրվել է՞ արդյոք իրավական գնահատական ինքնակամ կառուցապատումների օրինականացման գործընթացին։ Ուսումնասիրվել է՞ համայնքային հողի վրա իրականացված կառուցապատման օրինականությունը։ Եթե հարուցվել են վարույթներ, ինչո՞ւ դրանք տարիների ընթացքում չեն հասել տրամաբանական ավարտի։

Իսկ իրականում այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում կա նախաձեռնված քրեական վարույթ Էդուարդ Բաբայանի առանձնատան թնջուկի հետ կապված, քանի որ իրականում քաղաքապետը քանդել է մանկական զբոսայգին ու այդտեղ տուն կառուցել, ինչից հետո այդ տան թեման էլ ներգրավվել է Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված վարույթների շրջանակներում»։

Ինչո՞ւ է այն դոփում տեղում․ հարցը հռետորական է։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Էդուարդ Բաբայանն աջակցում էր իշխող «Քաղաքացիական պայմանագրին»։ Այդ մասին ասաց Գագիկ Ծառուկյանը՝ քարոզարշավի ժամանակ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment