ՓՐԿԵ՛Ք ՄԵՐ ԱՂԻ ԼԻՃԸ. ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՇՎԱԾ ԺԱՄԵՐ։ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՑ ԱՅՆ ԹԱՂՎՈՒՄ Է ԲԵՏՈՆԻ ՏԱԿ
Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
ՀՐԱՏԱՊ ԲԱՑ ՆԱՄԱԿ-ՊԱՀԱՆՋ
Մեծարգո պարոն Վարչապետ,
Դիմում ենք Ձեզ ծայրահեղ հրատապությամբ՝ Երևանի Աղի լճի մշտական այցելուների, համայնքի բնակիչների և Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացիների անունից։ Ահազանգում ենք մեր մայրաքաղաքի այս եզակի բնական օբյեկտի էկոհամակարգի կատարյալ ու անդառնալի կործանման վտանգի մասին։ Սույն թվականի սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է փակել լիճը այցելուների համար և սկսել «բարեկարգման» անվան տակ իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք փաստացի ոչնչացնելու են լճի բնական միջավայրը։
Մունիցիպալ մարմինները հայտարարում են, թե այս նախագիծն արվում է ի պատասխան բնակիչների դժգոհությունների, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Մենք՝ լճի մշտական այցելուներս, լիովին գոհ և շնորհակալ ենք լճի ներկայիս բնական ու վայրի վիճակից։ Մեզ պետք չեն մեծածավալ կոմերցիոն շինարարություն և բետոնապատում։ Մեր միակ խնդրանքն ու հստակ պահանջն է՝ տեղադրել հանրային զուգարաններ (որը ամենակարևորն է), ապահովել մշտական հոսող ջուր և հնարավորության սահմաններում թեթևակի բարեկարգել միայն հարակից արտաքին տարածքը։ Սակայն բուն լիճը և եղեգնուտները ձեռք տալ կատեգորիկ չի կարելի։
Մենք արդեն իսկ նամակ ենք հղել քաղաքապետարան և սպասում ենք պատասխանի, սակայն ժամանակի սղությունը և սեպտեմբերի 22-ի մոտալուտ վերջնաժամկետը մեզ ստիպում են զուգահեռաբար դիմել Ձեզ՝ ակնկալելով Ձեր անհապաղ միջամտությունը։ Ի նշան բողոքի՝ Աղի լճի բնական տեսքի պահպանման համար մեր կողմից արդեն իսկ հավաքագրվել է ավելի քան 220 քաղաքացիների ստորագրություն, և ստորագրահավաքը այս պահին էլ ակտիվորեն շարունակվում է։ Մենք պատրաստ ենք այս տվյալները ներկայացնել Ձեզ՝ որպես հանրային հստակ պահանջի ապացույց։
Որպես երկրի ղեկավար, կոչ ենք անում Ձեզ անհապաղ միջամտել, կասեցնել այս կործանարար գործընթացը և Աղի լիճը վերադարձնել Հայաստանի քաղաքացիներին՝ հիմնվելով հետևյալ փաստարկների վրա.
- Արդյո՞ք քաղաքապետարանը խոսել է բնապահպանների հետ այս նախագիծը կազմելիս, և որտե՞ղ է Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական թույլտվությունը՝ այս եղեգնուտները հեռացնելու համար։ Առանց համապատասխան էկոլոգիական փորձաքննության սեպտեմբերի 22-ին սկսվող ցանկացած աշխատանք ապօրինի է։
- Էկոլոգիական և սողանքային աղետ. Լիճը շրջապատող եղեգների հզոր արմատային համակարգն է պահում հողն ու լանջերը և կանխում սողանքները։ Դրանց ոչնչացումը կհանգեցնի հողի սահքի։ Բացի այդ, այս եղեգնուտները կենսական միջավայր են տեղի ձկնատեսակների և միջատների համար։
- Սպառնալիք բերովի սպիտակ ավազից. Նախագծով նախատեսվող բերովի սպիտակ ավազը քամոտ եղանակին կվերածվի իսկական պատուհասի՝ լցվելով այցելուների աչքերը, իսկ քամու և ջրի միջոցով նստելով լճի հատակին՝ կծածկի բնական հողաշերտը, կաղտոտի լիճը և ամբողջությամբ կփոխի դրա էկոլոգիան ու ջրի կազմը։
- Բնության վերջին «օդանցքի» (отдушина) կորուստ. Մարդիկ այցելում են այստեղ բացառապես բնության վայրի անկյան և լճի բուժիչ հատկությունների համար։ Բետոնապատումից, ավազի ներկրումից և եղեգների կտրումից հետո լիճը կվերածվի մեռյալ, ոչ մեկին պիտանի ավազանի։
- Միջազգային խայտառակություն Երևանում կայանալիք ՄԱԿ-ի COP17-ից առաջ. Հայաստանն ընտրվել է որպես կենսաբազմազանությանը նվիրված ՄԱԿ-ի հեղինակավոր COP17 միջազգային համաժողովի հյուրընկալող երկիր: Իսկական խայտառակություն է, որ երբ երկիրը պատրաստվում է ընդունել համաշխարհային հանրությանը՝ քննարկելու բնության պահպանությունը, հենց մայրաքաղաքում բուլդոզերներով ոչնչացվում է Աղի լճի բնական էկոհամակարգը, տեղի ձկնատեսակներն ու միջատները: Սա ուղղակիորեն հակասում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի սկզբունքներին և տապալում է Հայաստանի միջազգային վարկանիշը:
Հաշվի առնելով, որ շինարարության մեկնարկին մնացել են հաշված ժամեր, պահանջում ենք Ձեր անհապաղ հրամանով կասեցնել սեպտեմբերի 22-ի որոշումը և թույլ չտալ տեխնիկայի մուտքը Աղի լճի տարածք։
Պահանջում ենք.
- Չեղարկել եղեգների հեռացման, ափերի բետոնապատման և օտարածին ավազի ներկրման ցանկացած նախագիծ։
- Շինարարության փոխարեն իրականացնել միայն տարածքի թեթև էկո-բարեկարգում՝ տեղադրելով հանրային զուգարաններ և ապահովելով հոսող ջուր հանգստացողների համար։
- Կազմակերպել հրատապ հանրային քննարկումներ բնակիչների ու մասնագետների մասնակցությամբ։
Աղի լճի պահպանման նախաձեռնող խումբ և մշտական այցելուներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: