ՀԱԿ փոխնախագահ․ ՀՀ իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփել է Հայաստանի անկախության 35-ամյա ճանապարհը և հայտարարել, որ, «ՀՀ գործող իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար»:

Ըստ նրա` ոչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, որքան ներկա իշխանությունները, հայտնում է Sputnik Արմենիան:

«Նրանք են, որ ձախողեցին մեր անկախության գլխավոր նվաճումները կենսունակ և հաղթանակած պետություն, ազատագրված Արցախ։ Այս ամենն իրենց վարած քաղաքականության արդյունքում ջախջախվեց։ Այսօր Հայաստանում օտար կառավարման ռեժիմ է։ Ադրբեջանն այսօր մեր արտաքին կարևորագույն որոշումները թելադրում է, և այդ մոտեցումներն արդեն իսկ սկսում են անդրադառնալ մեր ներքին քաղաքականության վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրոհ է ձեռնարկել մեր Անկախության հռչակագրի, մեր արժեքների, ինքնության, եկեղեցու, ընդդիմախոսների դեմ։ Այս ամենի գլխավոր պատվիրատուն Ադրբեջանն է, իսկ մեր անկախությունը գնացել է 2–րդ պլան»,– ընդգծել է Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը նաև պնդել է, որ իշխանություններն իրենց ձախողումների պատճառները կապում են անկախության տարիներին ձևավորված արժեքների հետ։ Որպես օրինակ նա մատնանշել է Անկախության հռչակագիրը՝ նշելով, որ իշխանություններն այն տարածաշրջանում հակամարտություն առաջացնող գործոն են համարում։

«Նրանք մոռանում են, որ Անկախության հռչակագիրն ընդունվել է հակամարտության սկզբնավորումից հետո։ Սրա մասին մոռանում են, ավելին` սա վարկաբեկում են»,– հայտարարել է ՀԱԿ փոխնախագահը։

Զուրաբյանն անդրադարձել է նաև Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ իշխանությունների քաղաքականությանը։ Նրա գնահատմամբ՝ կառավարությունը պատշաճ կերպով չի նախապատրաստվել այդ գործընթացին, քանի որ չեն ներկայացվել էներգետիկ, ռազմական և պարենային անվտանգության համապատասխան հաշվարկներ ու հիմնավորումներ։ Նա նաև պնդել է, որ ԵՄ-ն Հարավային Կովկասի ուղղությամբ ընդլայնման ծրագիր չունի։

«Հետևաբար, 60 հազար քաղաքացու դիմումի վրա ընդունված այս որոշումը որևէ այլ զգալի արդյունք չի տվել, քան տնտեսական հարաբերությունների և դիրքերի թուլացում ԵԱՏՄ–ում։ Նույնը կատարվում է TRIPP–ի նախագծի դեպքում, որը դարձել է աշխարհաքաղաքական միակողմանի մի նախագիծ, որը սպասարկում է շատ կոնկրետ պետությունների շահեր` Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ–ի, ԱՄՆ–ի, Իսրայելի և այլն։ Այս նախագիծը թշնամական է ընկալվում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար»,– ասել է Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահի գնահատմամբ՝ այս քաղաքականության հետևանքով Հայաստանի ռազմավարական ուղղությունները կարող են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այդ պատճառով ՀԱԿ-ն առաջարկում է հրաժարվել այն քաղաքականությունից, որը կուսակցությունում բնորոշում են որպես Փաշինյանի բլոկային քաղաքականություն և կապում Հայաստանի տարածքում պրոքսի պատերազմի վտանգի հետ։

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր հերթին անդրադարձել է Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու և այդ հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Մանուկյանը նշել է, որ իրենք աշխատելու են նման զարգացում թույլ չտալու ուղղությամբ։

«Հանրաքվե չի լինելու։ Դրան պետք է նախորդի (մենք այդ ուղղությամբ աշխատում ենք) բոլոր քաղաքական, քաղաքացիական ուժերի, մտավորականության, եկեղեցու համախմբվածությունն առ այն, որ այդ փաստաթղթի հանելը Սահմանադրությունից մարտահրավեր է մեր արժանապատվությանը, դա նամուսին, մեր ինքնությանը հարված է։ Դա մեր ազգային նվստացման քայլ կարող է լինել»,– հայտարարել է Մանուկյանը` ավելացնելով, որ մեր ժողովուրդն այնքան չի թուլացել, չի խեղճացել, որ չհաղթահարի այդ արգելքը։

Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհուրդն նաև նիստ է անցկացրել, որի ընթացքում ծավալուն հայտարարություն է ընդունվել։ Կուսակցությունը նախատեսում է այն հրապարակել օրվա ընթացքում։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունել է Անկախության հռչակագիրը, որը հիմք է դարձել Հայաստանի անկախ պետականության ստեղծման համար։

Leave a comment