Անկախության 35-ամյակի տոնակատարությունները Գյումրիում անցկացվեցին սեպտեմբերի 20-ին։ Վաղ առավոտից էր Գյումրին պատրաստ տոնին։ Նախ Շիրակի մարզի համայնքները, այդ թվում՝ Գյումրին, ներկայացան իրենց նիստուկացով, հարուստ ավանդույթներով, բերք-բարիքով, ուտեստներով, ձեռքի աշխատանքներով։
Այս շարքում իրենց ասելիքն ունեին նաև թանգարաններն ու մարզի ու Գյումրու մշակութային օջախները։
Տոնական օրվա կարևոր միջոցառումների շրջանակներում միասնական էր դարձրել նաև Շիրակի մարզպետարան-Գյումրու համայնքապետարան գործակցությունը։
Մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը միասին շրջեցին տաղավարներում, ծանոթացան մարզի և Գյումրու արհեստավորների, արվեստագետների, ստեղծագործողների, արժեք ստեղծողների հետ։
«35 տարի առաջ հանրաքվեին մասնակցած մեր ծնողներն ու տատիկ-պապիկները առանձնահատուկ էմոցիաներ են ունեցել։ Գուցե 35 տարին կարճ ժամանակ է հանրապետության համար, բայց անկախությունը մեզ համար միայն պատմությամբ փոխանցված արժեք չէ․ այն նաև մեր անդուլ ջանքերի արդյունքն է։ Անկախությունը ինքնիշխանության, պետության հարատևության և ՀՀ քաղաքացու՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքի մասին է»,- լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։
Անցնող 3 և ավելի տասնամյակի մեր ամենակարևոր ձեռքբերումներից առաջնայինը, ըստ Շիրակի մարզպետի, խաղաղությունն է։
«Մեր 35 տարիների գլխավոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ հենց ինքնիշխանությունը, որը մեզ համար անսակարկելի արժեք է։ Մեր կարևոր ձեռքբերումներից է նաև խաղաղությունը, որն ունի կենսական նշանակություն։ Պետության զարգացման, կայունության և ապագայի համար խաղաղությունն անհրաժեշտ պայման է։
Այսօր Շիրակի բոլոր համայնքներն են այստեղ՝ իրենց մարդկանցով, ավանդույթներով, աշխատանքով ու ձեռքբերումներով։ Յուրաքանչյուր տաղավար մի փոքրիկ պատմություն է մեր մարզի մասին, իսկ բոլորը միասին՝ Շիրակի ամբողջական պատկերը։ Մենք ունենք տարբեր համայնքներ, տարբեր առանձնահատկություններ, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ ունենալ զարգացող, ուժեղ և հնարավորություններով լի Շիրակ»,- ասաց Դավիթ Առուշանյանը։
Տոնական միջոցառման երաժշտական ծրագրում ելույթներով հանդես եկան «Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը», «Անի փողային նվագախումբը», «Հրայրք» պարի խումբը։
Երեկոյան արդեն հերթը տոնական մեծ բեմինն էր։ Գյումրիում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումը։ Հնչեց «Անկախության սիմֆոնիան»՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձին։
ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող տոնական համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին էին միացել Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Լիպարիտ Ավետիսյանը, Նավասարդ Հակոբյանը, Մաշա Մնջոյանը, Սրբուկը և Գոռ Սուջյանը։
Համերգի ավարտին հնչեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան»-ը։ Այս երգը Գյումրու և գյումրեցիների համար խորհրդանշական է։ Այն իր մեջ վերածննդի, կորստից հետո ապրելու, 88-ի աղետը հաղթահարելու և առաջ գնալու պատգամ ունի։
Տոնական օրը Գյումրու Թատերական հրապարակում ավարտվեց տոնական հրառավությամբ։