CNN-ը, MS NOW-ն և Politico-ն հայտնել են, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին տեղեկացրել են Սպիտակ տուն մուտք գործելու հնարավորությունից զրկվելու կապակցությամբ դատական հայց ներկայացնելու մասին, հայտնում է Associated Press-ը։
Երեք խոշոր լրատվական կազմակերպությունների լրագրողները շաբաթ օրը չեն կարողացել մուտք գործել Սպիտակ տուն՝ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր, որ արգելելու է նրանց մուտքը՝ իրենց հրապարակումների պատճառով, որոնք նա «կեղծ լուրեր» է համարում։
CNN-ի լրագրող Բեթսի Քլայնը և MS NOW-ի լրագրող Աքայլա Գարդները ուղիղ եթերում հայտնել են, թե իրենց մուտքը թույլ չի տրվել, իսկ լրագրողական վկայականներն ապաակտիվացվել են, երբ նրանք եկել են Սպիտակ տուն՝ իրենց աշխատանքը կատարելու։ Դրանից կարճ ժամանակ անց Politico-ն է հայտնել, որ լրագրող Չեյեն Հասլեթին նույնպես չի թույլատրվել Սպիտակ տուն մուտք գործել, իսկ նրա վկայականը վերցվել է։
Երեք լրատվամիջոցներն էլ ակնարկել էին դատական գործընթաց սկսելու հնարավորության մասին՝ հայտարարելով, որ վճռականորեն պաշտպանելու են իրենց իրավունքները։
«Առանց մեզ ծանուցելու կամ որևէ ընթացակարգ պահպանելու՝ Սպիտակ տունը չեղարկել է մեր լրագրողների հավատարմագրերը, քանի որ դեմ է եղել մեր հրապարակումներին», – ասվում է լրատվամիջոցների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։
Նշվում է, որ «եթե այդ քայլը չվիճարկվի, այն կսպառնա մամուլի ազատությանը և հանրության՝ պետական միջամտությունից զերծ անկախ լրագրության իրավունքին»։
Associated Press-ը նշում է. «Իր երկրորդ ժամկետում Թրամփը և նրա հանրապետական վարչակազմը պատժամիջոցներ են կիրառել որոշ լրատվամիջոցների նկատմամբ՝ ինչպես դատարաններում, այնպես էլ կարգավորող գործողությունների միջոցով։
Թրամփը նաև անձամբ կամ սոցիալական ցանցերի միջոցով քննադատել է առանձին լրագրողների: Քննադատությունները Թրամփը երբեմն համեմել է խիստ անձնական բնույթի արտահայտություններով՝ վիրավորելով նրանց ճեպազրույցների ժամանակ կամ Սպիտակ տանը վերջերս կայացած Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի իր ելույթում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: