Քաղաքականություն
21.09.2026 | 16:14
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը սեպտեմբերի 23-ից 25-ը պետական այց կկատարի ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, գրում է Reuters-ը։
Այցի ընթացքում Սի Ցզինպինը «նախագահ Թրամփի հետ մտքերի խորը փոխանակում կիրականացնի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև համաշխարհային խաղաղությանն ու զարգացմանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ», հայտնել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։
«Երկու երկրների ղեկավարների՝ վեցամսյա ժամանակահատվածում իրականացվելիք փոխադարձ այցերը պատմական և կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն են։ Չինաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ ամրապնդելու երկխոսությունն ու համագործակցությունը, պատշաճ կերպով կառավարելու տարաձայնությունները, շարունակաբար բարելավելու երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը և նպաստելու համաշխարհային խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը»,- ասել է Գո Ցզյակունը։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սիին Վաշինգտոնին հարակից Մերիլենդ նահանգում գտնվող Էնդրյուս ռազմաբազայի օդանավակայանում դիմավորելու է Դոնալդ Թրամփը։
Ակնկալվում է, որ Չինաստանի նախագահին կուղեկցեն խոշոր ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ էլեկտրամոբիլներ արտադրող BYD-ի և Xiaomi-ի ղեկավարները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի