Ազգային ժողովի պատգամավորներն Անկախության 35-ամյակի առիթով ստացել են 590 հազարական դրամ պարգևավճար, որը հավասար է նրանց մեկ ամսվա աշխատավարձին։ Այդ մասին տեղեկացրել է պատգամավորներից մեկը, հայտնում է Factor.am-ը:
Նշված հաշվարկով՝ միայն Ազգային ժողովի 105 պատգամավորին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 62 մլն դրամ։
Պարգևատրվել են ոչ միայն պատգամավորները, այլև Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները, սակայն, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանը չի ներկայացրել համապատասխան թվերը՝ հայտնելով, որ ԱԺ նախագահի կարգադրությանն ավելացնելու որևէ բան չունի։
Միաժամանակ, ԱԺ նախագահի կարգադրության մեջ պարգևատրման համար նախատեսված ընդհանուր բյուջեի վերաբերյալ տվյալներ չեն ներառվել։
Կառավարությունը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից զգալիորեն բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը։ Այդ նպատակով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 25 միլիարդ դրամ։