Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջին պատրաստ է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին

Տնտեսագիտության  Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետ Աբհիջիթ Բաներջին  ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին ավելի արդյունավետ առաջ մղելու բարեփոխումները


ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետ Աբհիջիթ Բաներջին երկուշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին ավելի արդյունավետ առաջ մղելու բարեփոխումները:


Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը ողջունել է Բաներջիի այցը Հայաստան և կարևորել համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցությունների գնահատման և այլ ուղղություններով։


Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում է մեծածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են բոլոր ոլորտները։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Աբհիջիթ Բաներջիի միջև ակտիվ երկխոսության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։


Բաներջին հայտնել է հայ գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին՝ նպաստելու բարեփոխումների ավելի արդյունավետ իրականացմանը:


Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հարցերի շուրջ:


Աբհիջիթ Բաներջիի մասին


Աբհիջիթ Բաներջին հնդկական ծագումով ամերիկացի տնտեսագետ է, 2019 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, զարգացման տնտեսագիտության և տնտեսական տեսության մասնագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր և աղքատության դեմ պայքարի ծրագրերի արդյունավետության գնահատմամբ զբաղվող Abdul Latif Jameel Poverty Action Lab (J-PAL) հետազոտական ​​կենտրոնի հիմնադիրներից մեկը:


 


Leave a comment