«Առանց գունավորման` ես հայտարարում եմ՝ մեր անկախությունն այսօր վտանգի առաջ է։ Եվ մենք կարող է չկարողանանք հաջորդ սերնդին տալ այն արժեքները, որոնք ստեղծվել են 1991 թվականի սեպտեմբերին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Ի՞նչ պետք է անել, հարցին Արամ Մանուկյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը նախաձեռնում է համախմբման գործընթաց ու պայքար
«Սա այն խնդիրն է, որը վեր է կուսակցական գաղափարախոսությունից։ Այս խնդրի շուրջ պետք է համախմբել բոլոր քաղաքական, քաղաքացիական, հասարակական ուժերին, մտավորականներին։ Պետականությունը պահելը, ինչպես 1991-ին էր, պետք է դառնա համազգային խնդիր։ Մենք միգուցե նախաձեռնենք կամ այլ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ անենք՝ համախմբելու բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց համար ցավ է այս իրավիճակը, տագնապ է մեր երկրի անկախությունը կորցնելը։ Եվ այսօրվա մեր հայտարարության ու ասուլիսի նպատակը նաեւ այդ sos-ը հնչեցնելն է, որ այսօրվա իշխանությունները ծրագրավորված, համակարգված գնում են երկրի ապամոնտաժման»։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրության նախաբանից հանելու որոշմանը՝ Արամ Մանուկյանն ասաց․ «Միանգամից ասեմ՝ Անկախության հռչակագրի հանելու հետ կապված հանրաքվե չի լինելու, որովհետև մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, դրան պետք է նախորդի բոլոր քաղաքական, քաղաքացիական ուժերի, եկեղեցու, մտավորականների համախմբումն առ այն, որ այդ փաստաթղթի հանումը Սահմանադրությունից մարտահրավեր է մեր հավաքական արժանապատվությանը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, և ես վստահեցնում եմ, որ կարող ենք դա անել՝ այդպիսի հանրաքվե չպետք է տեղի ունենա։ Դա ազգային նվաստացման քայլ կարող է լինել, ես վստահեցնում եմ, որ մեր ժողովուրդը դեռ չի թուլացել ու չի խեղճացել այնքան, որ չհաղթահարի այդ արգելքը։ Դա հաղթահարելի արգելք է՝ Սահմանադրությունից հռչակագիրը չի հանվի»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: