«Տողատակին մի բան եք ուզում պոկել, մի բան սխալ ասեն, մի ուրիշ բան վերլուծեք»,- այսօր՝ Եռաբլուրում, Անկախության 35-ամյակի առիթով լրագրողների հարցերին այսպես պատասխանեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ «Ձեր ամբողջ էներգիան ուղղեք թշնամուն, մենք իրար չպետք է ուտենք», Միքայելյանն արձագանքեց. «Դա ի՞նձ ես ասում»։ Լրագրողի պատասխանից՝ «Այո», Միքայելյանը զայրացավ. «Դու էլ քո միկրոֆոններն իմ վրա մի ուղղիր»։
Լրագրողի հարցին՝ «Ալիևին ուղղե՞մ», ի պատասխան՝ Միքայելյանը հրեց լրագրողի միկրոֆոնն ու ասաց. «Արա, հերիք եղավ էլի, ներվայնացնում ես արդեն»։
Միքայելյանից լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք մեզ այս 35 տարիների ընթացքում հաջողվե՞լ է ձևավորել ազատ ու անկախ պետություն։ Ի պատասխան՝ ասաց. «Ցավոք սրտի, դեռ ձևավորում ենք»։ Տա Աստված, վերջնականապես ունենանք պետական սահմաններ ու լիովին անկախ լինենք»։
Միքայելյանի խոսքով՝ 2020-ից սկսած երկրապահը, ազատամարտիկը ՀՀ պետական սահմաններում փայլուն անում է իր գործը. «Մեր սերունդը իր գործը փայլուն արեց, քաղաքական գործիչները պետք է տանեն դեպի վերջնական հաղթանակի… Այսօր ինչո՞ւ ենք մենք դեռ էլի մեր ծառայությունը տանում 2020-ից մինչև այսօր, որ գնանք սահմանազատման։ Գիտեք՝ կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է, միջազգայնորեն ճանաչված»։
Լրագրողի հարցին՝ «Բա 29 743 քկմ տարածքով ինչպե՞ս են ՀՀ-ն ճանաչում», ի պատասխան՝ Միքայելյանն ասաց. «Դա պետք է հաստատվի։ Մենք ասում ենք՝ 35 տարի անկախ ենք, չէ՞, ունեցե՞լ ենք պետական սահման։ Շուռ մի տվեք, ուրիշ տեսանկյունից եկեք։ Այս տարիների ընթացքում եղել ենք ուրիշ պետության վարձակալ, ինչ թելադրել են՝ արել ենք»։
Հետո Միքայելյանը, ի պատասխան լրագրողների հարցի, հարցրեց. «Ուզո՞ւմ եք տանել ցեղասպանության այս ժողովրդին։ Ես գիտեմ՝ այս սահմանները ոնց են պահվել։ Ես անընդհատ մահվան ընդառաջ եմ գնացել։ Նախորդ քաղաքական գործիչները ամեն ինչ պետք է անեին, ոչ թե ալան-թալանով զբաղվեին»։
Հարցին, իսկ ինչու Արցախի հայաթափման օրվա առիթով ՀՀ իշխանությունները ոչինչ չասացին, պատասխանեց. «Հեռվից գանք, Արցախն ինչի համար հայաթափվեց, մեծ պատմություն է: 1994 թվականի հաղթանակից հետո, եթե գանք դեպի այսօրվա Արցախի հայաթափում, թե ովքեր են Արցախը հանձնել, մի օր դրան կանդրադառնամ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: