«Լավ կլիներ՝ իշխանությունները խոսեին Տիգրանաշենի զարգացման մասին»․ Տիգրան Աբրահամյանը

«Անկախության 35-ամյակին «Ուժեղ Հայաստան» դաշինքը այցելել է Տիգրանաշեն։ Այսօր հանդիպում կունենանք տիգրանաշենցիների հետ, իրենց հետ միասին կքննարկենք Տիգրանաշենում մի շարք ծրագրերի իրականացումը։ Մի քանի օր առաջ հայտարարեցինք, որ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը փոխանցված պարգևավճարների ֆոնդը ծախսելու ենք տիգրանաշենցիների համար։ Մեր կողմից իրականացվելիք ծրագրերով և այսօրվա խորհրդանշական ծառատունկով ուզում ենք ցույց տալ, որ մենք պետք է խոսենք զարգացման մասին, այլ ոչ թե հանձնման։ Տիգրանաշենը մեծ պոտենցիալ ունի թե՛ տուրիստական, թե՛ լոգիստիկ, թե՛ գյուղատնտեսական, և մեր բոլոր ծրագրերը ուղղված են լինելու հենց այդ ուղղություններին…

Ինչպես արդեն նշեցինք, գլեմփինգի համար ծրագիր ենք առաջարկելու, լինելու է ժամանակակից գլեմփինգ՝ ռեստորանային համալիրով, նաև հյուրանոցային ծառայություններով․ մարդիկ կկարողանան այստեղ տեղ գալ, ժամանակ անցկացնել, ինչպես նաև իրենց հանգիստը անցկացնել։ Առաջարկելու ենք նաև ստեղծել գյուղատնտեսական մթերքի շուկա, որպեսզի տիգրանաշենցիները, ինչու չէ, նաև հարակից բնակավայրերի բնակիչները, գյուղացիները, ֆերմերները կարողանան իրացնել իրենց բերքը՝ հաշվի առնելով, որ սա նաև լոգիստիկ հանգույց է՝ Հայաստան-Իրան ճանապարհն է, Երևան-Վայոց Ձոր, Երևան-Սյունիք ճանապարհն է»,- Տիգրանաշենում կայացած ծառատունկի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում, հենց Անկախության 35-րդ տարեդարձի օրը, և ինչով է տարին Հայաստանի և հայ ժողովրդի համար խորհրդանշական։

Նա նաև հավելեց, որ բոլոր իրականացվելիք ծրագրերը անպայման քննարկվելու են տիգրանաշենցիների հետ։

«Հայաստանի Հանրապետությունում շատ բնակավայրեր կան, ոչ միայն սահմանամերձ, որտեղ 35 տարի ոչինչ չի արվել։ Հիմա ի՞նչ է նշանակում՝ որ դրանք պետք է հանձնվե՞ն, ո՛չ, այդ տարածքները պետք է զարգանան։ Այդ տարածքների, այդ բնակավայրերի բնակիչներին պետք է ցույց տանք, որ կա զարգացման հնարավորություն, որ Հայաստանում միայն Երևանը և խոշոր քաղաքները չեն, որ այսպիսի բնակավայրերը պետք է ունենան իրենց առանձին կյանքը, զարգացման տեսլականը։

Լավ կլիներ՝ մեր երկրի իշխանությունները խոսեն զարգացման մասին, լավ կլինի նաև խոսեն այն մասին, թե ինչ ունենք ստանալու, այլ ոչ թե ինչ ունենք տալու։ Եվ այո՛, Տիգրանաշենը, վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է, և Տիգրանաշենը պետք է ապրի, զարգանա, ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերը»։

Լրագրողի հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ իշխանությունը կխանգարի իրականացնել իրենց ծրագրերը Տիգրանաշենում, պատգամավորը այսպես արձագանքեց. «Իշխանությունը լավ կանի հոգա Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, այլ ոչ թե քայլեր ձեռնարկի ընդդիմության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից նախաձեռնվող լավ նախաձեռնությունների դեմ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment