«Փառատոնները վատ բան չեն։ Ավելին՝ բերքի, ազգային ուտեստների, ավանդույթների ու արհեստների փառատոնները կարող են նպաստել համայնքների զարգացմանը, տեղական արտադրանքի ճանաչելիությանը, զբոսաշրջության խթանմանը և Հայաստանի մշակույթի ներկայացմանը։ Բայց յուրաքանչյուր տոնի համար կա իր օրը»,- MediaHub-ին ասում է սյունեցի տիկնիկագործ Նազելի Առուշանյանը՝ անդրադառնալով Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացված գաթայի փառատոնին։
Նազելին փառատոնին չի մասնակցել՝ այդ օրը համարելով անհամատեղելի տոնական միջոցառման հետ։
«Հարցը հիշողության մասին է։ Ես չէի կարող մասնակցել փառատոնին, որովհետև հիշում եմ Արցախից տեղահանված մի ընտանիքի, որին հյուրընկալել էինք մեր տանը։ Երեք կին՝ ցավից քարացած, մի գիշերվա մեջ ճերմակած, որդի, փեսա ու ամուսին կորցրած՝ իրենց հյուծված երեխաների հետ։ Դա ողբերգություն էր։
Մի ամբողջ ժողովուրդ կորցրեց իր տունը, հազարավոր մարդիկ բռնեցին գաղթի ճանապարհը, ընտանիքներ բաժանվեցին, մարդիկ կորցրին հարազատներին, տներն ու գերեզմանները։ Գոնե սյունեցիները տեսել են Արցախի գաղթը և սեփական մաշկի վրա զգացել մեր հայրենակիցների ցավը։ Սեպտեմբերի 19-ին մի տեղում սգում էինք, իսկ մեկ այլ տեղում՝ տոնում։ Սա է ամենացավալին»,- ասում է նա։
Նազելիի խոսքով՝ կյանքը պետք է շարունակվի, և հնարավոր չէ ամբողջ կյանքը կանգնեցնել ողբերգության առաջ։ Սակայն կյանքը շարունակելն ու հիշողությունը կորցնելը տարբեր բաներ են։
«Հիշողությունը մեզ չի խանգարում ապրել։ Հիշողությունն է մեզ թույլ տալիս հասկանալ՝ ով ենք մենք, ինչ ենք կորցրել և ինչի առաջ ենք կանգնած այսօր»։
Նրա խոսքով՝ հատկապես սահմանապահ համայնքներում այս զգացողությունը պետք է ավելի ուժեղ լինի։
«Խաչիկը սահմանապահ գյուղ է։ Այնտեղ ապրող մարդն ամեն օր զգում է այն իրականությունը, որի մասին մյուսները կարող են միայն խոսել։ Նախիջևանի հետ սահմանը հեռու չէ։ Եվ եթե կարծում ենք, որ պատմությունն ավարտվել է, որովհետև այսօր գաթայի փառատոն ենք անում, մենք մեզ խաբում ենք։
Ամենացավալին նույնիսկ փառատոնը չէ։ Ամենացավալին այն է, որ նույն ժողովրդի ներսում կարող է մի հատվածը այդ օրը լռել, սգալ, գնալ Եռաբլուր, հիշել զոհերին, իսկ մեկ այլ հատվածը նույն օրը հավաքվել տոնական սեղանների շուրջ, երգել, պարել ու գաթայի միջից հաջողության մետաղադրամ փնտրել»,- ասում է Նազելի Առուշանյանը։
Ադրբեջանական քաղաքականությունն ու տարածաշրջանի անվտանգային իրականությունը մեզ պարտադրում են չկորցնել զգոնությունը։ Պատմությունը չպետք է հիշենք միայն ողբերգական տարելիցներին։ Հիշողությունը նաև պատասխանատվություն է՝ հասկանալու, թե ինչ ենք կորցրել և ինչ չպետք է թույլ տանք, որ մոռացվի հաջորդ սերունդների համար։