«Ռազմաբազայի դուրս բերմանը հաջորդելու են ավելի ծանրակշիռ քայլեր՝ հայկական երկաթուղու՝ ռուսական կոնցեսիայից հանելը եւ ընդհանրապես՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս բերելը»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Ընդդիմությունն ասում է, որ ռուսական ռազմաբազայի՝ ՀՀ տարածքից դուրս բերումն անվտանգային լուրջ սպառնալիք է, իշխանությունից հայտարարում են՝ եթե ռուսական կողմը ցանկություն հայտնի ռազմաբազան դուրս բերել, մենք դեմ չենք, դա ՀՀի ինքնիշխանության դրսեւորումն է։ Ի վերջո, ռուսական ռազմաբազայի դուրս բերումը ՀՀ տարածքից ինչի՞ կհանգեցնի։

Երբ ընդդիմությունը դա համարում է անվտանգային սպառնալիք, ապա մեծ հաշվով՝ բուն ռազմաբազան մեր անվտանգության երաշխիքը չէ, քանի որ ռազմական տեսանկյունից այդ հնարավորությունները չունի։ Ռազմաբազան շատ փոքր է, շատ թույլ, ավելին, եթե այդպիսի սպառնալիքներ կան, և ՌԴն մտադիր է ՀՀին պաշտպանել ինչոր արտաքին ներխուժումներից, ապա ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս դա անել նաև առանց ռազմաբազայի՝ հենց Ռուսաստանի տարածքից։ Այլ հարց է, որ ակնհայտորեն ռազմաբազայի դուրս բերմանը հաջորդելու են ավելի ծանրակշիռ քայլեր՝ օրինակ՝ հայկական երկաթուղու՝ ռուսական կոնցեսիայից դուրս բերելը և ընդհանրապես՝ ՀՀն ՀԱՊԿից դուրս բերելը։ Այ, դա արդեն իսկապես կարող է դառնալ անվտանգային սպառնալիք, որովհետև ամբողջ անվտանգային համակարգը ՀՀի՝ անկախ նրանից՝ գործում է, թե՝ ոչ, փոխվում է։ Ու քանի որ ռուսական ռազմաբազայի դուրս բերումը կարող է նախորդել այդ քայլերին, այդ իմաստով ընդդիմադիրների մտահոգությունները տեղին են։ Ինչ վերաբերում է իշխանության դիրքորոշմանը, որ դա ինքնիշխանության հարց է, ապա օրինակ՝ ԱՄՆն ռազմաբազաներ ունի Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, բայց որևէ մեկը չի կարող ասել, որ այդ երկրներն ինքնիշխան չեն։ Այսինքն՝ ինքնին օտարերկրյա բազայի ներկայությունը որևէ այլ պետության տարածքում ուղղակիորեն ինքնիշխանությունն այդ երկրի չի սահմանափակում։ Այս իմաստով հասկանալի է, որ այդտեղ շահարկումներ են ուղղակի տեղի ունենում։ Իհարկե, եթե մենք վերջնական խաղաղություն հաստատած լինեինք մեր հարևանների հետ, իսկապես կայուն խաղաղություն լիներ, ռուսական ռազմաբազայի կարիքն էլ չէր լինի, և ՀՀի՝ ՀԱՊԿին անդամակցությունն էլ ընդհանրապես պետք չէր լինի, ՀՀն որևէ անվտանգային հովանոցի տակ գտնվելու կարիք չէր ունենա։ Բայց քանի որ դա տեղի չի ունեցել դեռևս, ընդհակառակը, վերջին օրերին տեսնում ենք, որ իրավիճակը, համենայնդեպս, հռետորաբանության մակարդակում, ավելի է լարվում, կարծում եմ այդ խոսակցությունները պարզապես տեղին չեն, և դրա ժամանակը չէ։ Պետք չէ ավելի սրել իրավիճակը, երբ անորոշությունը գնալով մեծանում է։

ԵՄի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ ինչքան հայկական կողմից ժամկետներ են փորձում ձեւակերպել, այնքան այնտեղից պատասխան ենք ստանում, որ դեռ ժամանակ կա սպասելու։ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ ԵՄ անդամակցության գործընթացի հետ կապված փոփոխություն տեսնո՞ւմ եք, մասնավորապես, որ նա ասում է՝ եթե ԵՄին չանդամակցենք էլ, միեւնույն է, այդ ճանապարհին մենք՝ որպես երկիր կզարգանանք։

Տեսնում եմ որոշակի հիասթափություն, և դա հասկանալի է, որովհետև իրականում ՀՀի եվրոպական ապագան շատ հեռու է իրականությունից։ Դա պատրանք է։ Չկա նման բան։ ՀՀն Եվրոպա չէ ոչ աշխարհագրորեն, ոչ անվտանգային առումով, ոչ տնտեսության կառուցվածքով, ոչ հասարակության կենսամակարդակով, ոչ մարդու իրավունքներ, ժողովրդավարական արժեքներ, ոչ չափանիշներ։ Մենք պիտի հասկանանք, որ ՀՀն շատ հեռու է ԵՄից։ Ավելին, մենք նույնիսկ ԵՄ անդամության թեկնածու դառնալու նվազագույն շանսեր չունենք այն դեպքում, երբ դա որևէ կերպ չի նշանակում դառնալ ԵՄ անդամ։ Թուրքիան 2000-ից ԵՄ անդամության թեկնածու է, և շատ հեռու է ԵՄ անդամ դառնալուց։ Այլ հարց է, որ Եվրամիությունը, ընդհանրապես հավաքական Արևմուտքը կփորձեն անընդհատ օգտագործել ՀՀի՝ եվրոպական ապագան, այդ խոսակցությունները այսպես ասած՝ որպես խայծ։ Նրանց հետաքրքրում է գործընթացը, որով այդ ընթացքում նրանք կարող են ՀՀին պարտադրել կամ հորդորել իրականացնել իրենց համար նպաստավոոր արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն և այլն՝ դա օգտագործելով՝ որպես այն խայծը, որով ՀՀ իշխանությունները պետք է բացատրեն հասարակությանը, թե ինչու ենք մենք դա անում։ Նույն Արևմուտքի համար ինչն է կարևոր, որ ՌԴն դուրս մղվի Հարավային Կովկասից։ Դա եղել է նաև Թուրքիայի մշտական երազանքը՝ ռուսներին դուրս մղել, նորից վերականգնել իր հիմնական ազդեցութունը Հարավային Կովկասում։ Բայց ՀՀ իշխանությունները չեն կարող ասել հասարակությանը, որ դա մենք անում ենք Թուրքիայի պարտադրանքով։ Դրա համար էլ դա ներկայացնում են՝ որպես մեր՝ արևմտյան, եվրոպական ձգտումների արտահայտություն։ Ոչ թե Թուրքիան է մեզ պարտադրում ռուսներին այստեղից դուրս մղել, այլ մենք՝ ինքներս ենք դա անում, որ հայտնվենք Արևմուտքում, այն դեպքում, երբ անգամ Արևմուտքում մեզ պարզապես ասում են, որ մեզ այնտեղ չեն սպասում, բայց ուրախ կլինեն, եթե մենք ձգտենք այդ արժեքներին և այլն։ Ինչ վերաբերում է խոստումներին՝ վիզաների ազատականացում և այլն, այո, դա կարող են անել, ԵՄն կարող է ինչոր պահի այդ խոստումն իրականացնել՝ բնականաբար, մինչ այդ ՀՀից պահանջելով բազմաթիվ փոփոխություններ տարբեր ոլորտներում, որ ՀՀն դուրս գա ԵԱՏՄից և ՀԱՊԿից, որ ՌԴի հետ վիզային ռեժիմ մտցնեն։ Այսինքն՝ դեռ հարց է, թե վիզաների ազատականացումը ՀՀին՝ որպես պետություն ինչ կտա։ Իհարկե, հասարակությանը շատ մեծ բան կտա. մարդիկ ավելի ազատ կլինեն, կլինի հարմարավետ, բայց պետությունը դրանից ավելի շատ կշահի՞, թե՝ կկորցնի, մեծ հարց է։

Ձեզ կարող է հակադարձեն այն դիտարկման հետ կապված, որ ասում եք՝ նաեւ Թուրքիայի ցանկությունն է կատարվում՝ ՌԴին դուրս մղելով Հարավային Կովկասից, ՀՀ իշխանական օղակներից կհակադարձեն, որ ՌԴի վարած քաղաքականության պատասխանն է սա, կվկայակոչեն, թե ՀԱՊԿն իրեն ինչպես դրսեւորեց ժամանակին, երբ Ադրբեջանը հարձակվում էր ՀՀ սահմաններին կամ որ ՌԴն սահմանափակումներ է մտցրել հայկական ապրանքատեսակների համար։ Այնուամենայնիվ, նաեւ ռուսական կողմից խնդիր չեք տեսնո՞ւմ։

Ռուսական կողմից և ՀԱՊԿի կողմից շատ լուրջ խնդիրներ կան։ Իհարկե, ՌԴն և ՀԱՊԿը բացարձակ անընդունելի պահեցին իրենց, վերջին իրադարձությունների ժամանակ ոտնահարեցին իրենց դաշնակցային պարտավորությունները և հիմա էլ փորձում են ինչոր մանիպուլյացիաներով մեղքը բարդել ՀՀի վրա։ Ակնհատ է, բայց նեղանալ դրանից, խռովածի կեցվածք ընդունել և ըստ այդմ՝ իրականացնել արտաքին քաղաքականություն, սա կարող է ընդունելի լինել մարդկային հարաբերությունների դեպքում։ Միջազգային հարաբերությունների դեպքում պետություններն այդպես չեն վարվում, հստակ քննարկում են՝ ինչ կտա այս քայլը, ինչ կտա, եթե դա չանենք, ավելի շատ օգո՞ւտ, թե՝ վնաս կլինի։ Հստակ, պրագմատիկ, հետևողականորեն պետք է անել, ոչ թե նեղացածի կեցվածք ընդունել։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե մեր ինչին է պետք փչացնել ՌԴի հետ հարաբերությունները խզման աստիճանի, քանի դեռ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն չի հաստատվել։

Իշխող ուժի ներկայացուցիչներն ասում են, որ ինքնիշխանություն ձեռք բերենք։

Ինքնիշխանությո՞ւն։ Դուք կարծում եք, որ մի երկրում, որտեղ անգամ Սահմանադրությունն են փոխում արտաքին պահանջով և անգամ արտաքին գործերի նախարարության կայքից է մի ամբողջ գլուխ դուրս բերվում Ղարաբաղի մասին արտաքին պահանջով, այդ պետությունը ռուսական ռազմաբազան դուրս բերելուց հետո դառնալու է ավելի ինքնիշխա՞ն։ ՀՀ իշխանությունները նույնիսկ երկրի ներսում ինքնուրույն քայլեր կատարելու համարձակություն չունեն, չեմ կարծում, թե հայռուսական հարաբերությունները կարող են խզել կամ զարգացնել սեփական որոշմամբ, առանց արտաքին ճնշումների։

Արդյոք կտրուկ զարգացումներ ակնկալե՞լ ռուսական կողմի հետ հարաբերություններում՝ մասնավորապես գազի գնի վերանայում, ռուսական ռազմաբազայի դուրսբերում։

Այդ ամենը պարզ կդառնա ՊուտինՓաշինյան առաջիկա հանդիպումից հետո, որովհետև հասկանալի է, որ այնտեղ առևտուր է լինելու և շատ կոշտ առևտուր։ Թե նրանք ասում են՝ սա մեզ պետք չի, այստեղից էլ ասում են՝ սա մեզ պետք չէ, եթե նրանք ասում են՝ բազան կհանենք, կամ գազը կթանկացնենք, մենք էլ ասում ենք՝ ռազմաբազայի պայմանագիրն այլ ձև կլինի, դուք կվճարեք, քանի որ հիմա ծախսերի կեսը ՀՀն է հոգում, կեսը՝ ՌԴն, սա պարզ առևտուր է։ Ինչպիսին կլինի, դրությունն ավելի կսրվի, թե՝ ոչ, ավելի պարզ կդառնա առաջիկա հանդիպումից հետո։ Մինչ այդ հանդիպումը չեմ կարծում, թե պետք է սրացումներ սպասել։ Հիմա դադարի իրավիճակ է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment