Ամենայն հայոց սրբագրիչը. վաստակաշատ հոբելյան-85

Արմենակ Ղազինյանը Հայաստանի գրողների եւ լրագրողների միության անդամ է, որի անունը առավելապես ծանոթ է ընթերցողներին որպես բազմաթիվ գրքերի խմբագիր եւ սրբագրիչ

Փետրվարի 15-ին կլրանա նրա 85-ամյակը։ Ծնվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում։ 1957 թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ 1962 թ.՝ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Շուրջ վեց տասնամյակ որպես լրագրող աշխատել է «Ապագա բժիշկ», «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Գրական թերթ», «Գրքերի աշխարհ», «Հայրենիքի ձայն» եւ այլ թերթերում, ինչպես նաեւ «Հայաստանի աշխատավորուհի», «Էկոնոմիկա», «Նարցիս» ամսագրերում ու այլ պարբերականներում։ Դպրոցական տարիներից նա գրել է բանաստեղծություններ, որոնցից մեկը տասնամյակներ շարունակ բազմիցս տեղ է գտել մի շարք դասագրքերում։ Իսկ 2016 թվականին ընթերցողին է ներկայացել «Ընծայագիր» ժողովածուով։ Գրքի բազմաթիվ բանաստեղծությունները եւ հարյուրավոր քառյակները աչքի են ընկնում քնարական շնչով, փիլիսոփայական խորությամբ եւ գրական վարպետությամբ։

Արմենակ Ղազինյանը ճակատագրի բերումով բախտ է ունեցել հանդիպելու եւ շփվելու այնպիսի անվանի գրողների հետ, ինչպիսիք են Ն. Զարյանը, Գ. Սարյանը, Վ. Անանյանը, Պ. Սեւակը եւ ուրիշներ։ Տարբեր խմբագրություններում աշխատել է Վ. Դավթյանի, Հ. Սահյանի, Մ. Շաթիրյանի, Ս. Հարությունյանի, Հր. Մաթեւոսյանի, Վ. Բալայանի, Մ. Գալշոյանի, Ա. Սահակյանի, Հովհ. Մելքոնյանի, Ստ. Ալաջաջյանի, Ն. Ադալյանի եւ այլոց հետ։ Արժե հիշատակել նաեւ, որ Հովհաննես Շիրազը եւ Սարմենը դեռ անցյալ դարի 50-ական թվականներին, երիտասարդ գրողներին նվիրված խորհրդակցությունների ժամանակ, առանձնակի խոսք են ասել պատանի ստեղծագործողների մասին։ Իր շրջապատում Արմենակ Ղազինյանն առավելապես ճանաչված է որպես հմուտ խմբագիր եւ նրբանկատ ոճաբան։ Պատահական չէ, որ շատերը նրան անվանում են «ամենայն հայոց սրբագրիչ»։ Արմենակ Ղազինյանն իրեն համարում է իր գործի բժիշկը։ Բանասեր մտավորականին առանձնապես մտահոգում են նաեւ ժամանակակից հայոց լեզվին առնչվող խնդիրները։ Տարբեր պարբերականներում հրապարակված իր հոդվածներում նա հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնցից կարեւորագույններն են մեկ միասնական գրական լեզու որդեգրելու, հայոց այբուբենը վերանայելու եւ ուղղագրությունը հնարավորինս պարզեցնելու հարցերը։ Այդ հոդվածներից մի քանիսը լույս են տեսել «Հանուն հայրենիքի» թերթում, որին նա աշխատակցում է մինչ օրս։ Նրան հաճախ կարելի է տեսնել հասարակական միջոցառումների ժամանակ՝ զանազան հարցեր քննարկելիս, Հայաստանի պատմական վայրերում կոլեկտիվ շրջագայությունների ընթացքում, ինչպես նաեւ շաշկիի ու շախմատի մրցումներին մասնակցելիս։ Արմենակ Ղազինյանը միաժամանակ հավատարիմ ընկեր է եւ լավ բարեկամ։ Կարելի է վստահորեն ասել, որ տարիքը վաստակաշատ խմբագրի համար իշխանություն չունի։ Այսօր էլ 85-ամյա մեր ավագ ընկերը հաստատապես իրեն զգում է «մարտական դիրքերում»՝ իր ստեղծագործական ծրագրերով ու նախաձեռնություններով, լի ուժով ու էներգիայով, պահպանելով երիտասարդական ավյունը, չկորցնելով իր հումորը, հույսն ու հավատը լուսավոր ապագայի նկատմամբ։ Վստահ կարող ենք նշել, որ մե հոբելյարի իրոք ճշմարիտ բնութագիրն է իր իսկ հետեւյալ քառյակը.

Չձգտեցի ես կայքի,

Իշխանության ու փառքի,

Բարի գործը եղավ լոկ,

Նպատակը իմ կյանքի։

Այս տողերը լավագույնս են ամփոփում Արմենակ Ղազինյանի անցած ուղին, կենսափիլիսոփայությունն ու մարդկային նկարագիրը՝ համեստ, աշխատասեր, իր գործին անվերապահորեն նվիրված մտավորականի կերպարը։ 85-ամյա հոբելյանի առթիվ սրտանց շնորհավորում ենք Արմենակ Ղազինյանին՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների ստեղծագործական ակտիվ կյանք, անսպառ եռանդ ու նոր գաղափարներ։ Թող նրա փորձն ու իմաստությունը շարունակեն լուսավորել հայ գրականության եւ լեզվի ճանապարհը, իսկ սերն ու հարգանքը՝ շրջապատեն նրան միշտ։

Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ

Գրող, բանասիրական գիտությունների թեկնածու արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
11.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment